Մեր տրամադրվածությունը հաղթական է.Դավիթ Խաժակյան
«Մեր տրամադրվածությունը հաղթական է, որովհետև իմ ձեռքում գտնվում է ցուցակ, որտեղ ներգրաված են մարդիկ, ովքեր պատրաստ են ստանձնել քաղաքային կառավարումը։ Ցուցակը գլխավորում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Ցուցակի երկրոդ համարը Դավիթ Խաժակյանն է, երրորդը՝ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, չորրորդը՝ ավագանու անդամ Անի Սամսոնյանը։ Ցուցակում ներգրաված են նաև ավագանու անդամներ Հարություն Բաբայանը, Տիգրան Տեր-Մարգարյանը, Վարդան Մարաշլյանը»,- ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ նկատելով, որ իրենց ցուցակը խորհրդանշական կերպով բաղկացած է 111 հոգուց։
«Պարոն Զեյնալյանն անցել է եզակի քաղաքական ճանապարհ։ Նա ունի այն բոլոր հմտությունները և գիտելիքները, որոնցով հնարավոր կլինի լուծել քաղաքի խնդիրները։ Նա, ունենալով փայլուն իրավական գիտելիքներ և կառավարչական հմտություններ, կարող է ստանձնել քաղաքային տնտեսության մեծ բեռը։ Մենք Արտակ Զեյնալյանին տեսնում ենք ընտրովի ամենամեծ գործադիր պաշտոնում՝Երևանի քաղաքապետի պաշտոնում։ Շատ են ասում, որ պարոն Զեյնալյանը հաջողված նախարար է, և նրան պետք չէ առաջադրել քաղաքապետի թեկնածու, բայց ասում ենք, որ նախարարը նշանակովի պաշտոն է։ Երևանն իրենից ներկայացնում է ահռելի տնտեսություն, ծավալով շատ ավելի մեծ է, քան նախարարություններից որևէ մեկը»,- ասաց նա։
Դավիթ Խաժակյանը նշեց, որ ավագանու ընտրություններում իրենց մրցակից համարում են բոլորին, բոլորին հարգանքով են մոտենում։ Իսկ թե ինչ տոկոսային հարաբերակցություն կլինի, որքան ձայն կհավաքեն իրենք, ըստ ավագանու անդամի, կորոշեն մեր համաքաղաքացիները։
«Ես մեր շանսերը գնահատում եմ հաղթական։ Մեր թեկնածուն, ավագանու մեր թիմը տիրապետում են քաղաքի բոլոր խնդիրներին, մենք ոչ միայն կենտրոնացած ենք եղած խնդիրների, այլև զարգացման ճանապարհներ գտնելու վրա»,- նշեց քաղաքական գործիչը։
Հարցին՝ ո՞րն է իրենց ծրագրային առավելությունը, Դավիթ Խաժակյանը նշեց, որ ,են ինչ պարզ կլինի, երբ ծրագիրը կհրապարակվի։ Այն գրեթե պատրաստ է ««Ելք» խմբակցության կուտակած փորձն իրենք ներդնելու են «Լույս դաշինքի նախընտրական ծրագրում»,- ասաց Խաժակյանը։
«Ցուցակը կազմելիս շեշտը չենք դրել քանակի վրա, ներառել ենք մարդկանց, ովքեր իրենց տեսնում են քաղաքային կառավարման մեջ։ Մենք առաջարկում ենք Երևանում տարիներով կուտակված խնդիրների լուծում, առաջարկելու ենք ոչ թե գոյատևում, այլ զարգացում»,- նշեց Խաժակյանը։
Նա միաժամանակ հավաստիացրեց, որ հակառակ շրջանառվող լուրերի՝ «Ելք» դաշինքը կա, իր աշխատանքները շարունակում է ԱԺ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին
- «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով. Դավիթ Խաժակյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան