Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր է. նախարար
«Գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի հետ որևէ լարվածություն չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների լարված իրավիճակն արդյոք կարո՞ղ է ազդել գազի գնի վրա:
Նրա խոսքով՝ գազի գնի շուրջ բանակցությունները հիմնականում տեղի են ունենում երկրների առաջին դեմքերի մակարդակով և այս պահին դեռևս որևէ բանակցություն չկա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի վերջին:
Արթուր Գրիգորյանը նշեց, որ նոյեմբերից ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ կսկսի:
«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր ունենք»,-ընդգծեց նախարարը:
Բացի այդ, ըստ նրա, բանակցությունները շարունակվելու են նաև Իրանի հետ։ Նախարարի խոսքով՝ Իրանի էներգետիկայի նախարարի, փոխնախարարի հետ ունեցել են մի շարք քննարկումներ և իրանական կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին հարց է բարձրացվել:
«Մեր կողմից մեր քայլն արել ենք, իրանական կողմին առաջարկել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան: Առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով իրենց հետ համագործակցության մեջ ենք, քանի որ իրանական կողմից էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում: Կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,- նշեց Արթուր Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է էլեկտաէներգիայի սակագնին, նախարարն ասաց, որ թեև սակագնի վերանայման գործընթաց նախարարությունը չի իրականացնում, դա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթն է, այդուհանդերձ, նախարարությունը չի կարող դրանից անմաս մնալ:
Նա հայտնեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայի 2019 թվականի փետրվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում