Այս ամառ հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառումն աննխադեպ է եղել. Նախարար
Այս տարվա ամռան ամիսներին հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառումն աննխադեպ է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ չէր եղել, որ ամռան ամիսներին հանրապետությունում էլեկտրաէներգիայի ներքին սպառումն օրական հասնի 1030 մեգավատի», - նշեց նախարարը՝ հավելելով, որ դա հիմնականում պայմանավորված է շոգ եղանակով:
Ըստ նրա՝ նման ցուցանիշ հիմնականում գրանցվում է Նոր տարվա օրերին:
Արթուր Գրիգորյանի խոսքով՝ իրենց համար լուրջ խնդիր էր այդ իրավիճակում տրամադրել որակյալ ծառայություններ, հատկապես, որ այդ ժամանակահատվածում ատոմակայանը չէր աշխատում:
«Մեր փորձառու մասնագետների և անձնակազմի ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունքում մենք ոչ մի խափանում չունեցանք», - նշեց նախարարը: