Մինչև 2020-ը Հայաստանում կկառուցվեն 100 մգվտ հզորությամբ արևային կայաններ
Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկայի զարգացումը կարևոր նշանակություն ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ վերականգնվող էներգետիկան Հայսատանի համար համարվում է առաջնահերթություն և այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի:
«Դա բխում է նաև այն հանգամանքից, որ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը հնարավորինս քիչ կախվածություն ունենա այլ էներգառեսուրսներից: Ուստի, մեզ համար կարևոր է այլընտրանքային էներգետիկայի զարգացումը», - նշեց Արթուր Գրիգորյանը:
Ըստ նախարարի՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և այն, որ մեր երկիրն ունի արևային էներգիայի մեծ ներուժ, բազմակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է ՀՀ-ում իրականացնել արևային էներգիայի զարգացման ծրագրիր: Մասնավորապես, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն առաջարկություն կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կառուցվեն Հայատանում:
Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ մինչև 5 մգվտ տեղակայվող կայանների համար կսահմանվի բնական ջրհոսքերի վրա կառուցված ՀԷԿ-երի էլեկտրաէներգիային հավասար սակագին: Դա , ըստ նրա, կազմում է մոտ 23.8 դրամ՝ առանց ԱԱՀ-ի: «5 մգվտ և ավելի հզորությունների դեպքում նախարարության կողմից կուսումնասիրվեն ընկերությունների առաջարկած փաթեթները, կտրվեն հնարավորություններ, որպեսզի նման կայանների կառուցման հնարավորությունը նույնպես ունենա զարգացում»,- ասաց նախարարը:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արևային էլեկտրակայանների արտադրության ծավալները կազմել են 2 մլն կՎտ ժամ։ Ինչ վերաբերում է վանահակների արտադրությանը, ապա այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 2 440 հատ արևային վահանակ, որից 426-ը՝ միայն հունիս ամսին: