Հայտնի է Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած զինված անձանցից մեկի ինքնությունը
ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է փոխանցել վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ ավազակային հարձակման դեպքից:
Ըստ ոստիկանության, օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գ.Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք:
Գ. Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռ-ն և դեռևս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գ.Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռ.-ին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել և դիմել փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ:
Հ.Ռ-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
- Հարուցվել է քրգործ՝ Արման Մկրտումյանի տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ
- Հարձակվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում