Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային
Այսօր «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային:
Յուրաքանչյուր փոստային նամականիշ ունի 280 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Հայկական նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Հնդկական նամականիշի հեղինակն է դիզայներ Սուրեշ Կումարը:
«ՀայՓոստ»-ից հայտնում են, որ առաջին նամականիշի վրա պատկերված է հայկական «Հով Արեք» պարը, որի հիմքում ընկած է «Հով արեք, սարեր ջան» քնարական ժողովրդական երգը՝ ներառված Կոմիտասի հավաքածուի մեջ: Պարը կատարում են կանայք, ովքեր այն դարձնում են ավելի նրբագեղ և քնքուշ:
Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հնդկական «Մանիպուրի» պարը, որը հնդկական դասական պարային հիմնական ոճերից մեկն է: Այն ծագել է Հնդկաստանի հեռավոր արևելքում գտնվող Մանիպուր նահանգում: Ավանդական «Մանիպուրի» պարը բաղկացած է նուրբ, քնարական և հեզաճկուն շարժումներից:
Նամականիշերի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Յոգեշվար Սանգվանը, Հնդկաստանի Փոստի ֆիլատելիայի գծով փոխտնօրեն Շրի Աբհինավ Պրատապ Սինքխը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Թողարկման օրը`29 օգոստոսի 2018թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան («Հով Արեք» պար)
Սուրեշ Կումար («Մանիպուրի» պար)
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 40 000 հ. x 2
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան