Դասագրքերի հետ կապված շատ տեղին են բողոքները. ԿԳ նախարար
«Հանրակրթական դպրոցներում միասնական հագուստի հարցը լուծում է տվյալ դպրոցը և դասարանի ծնողական խորհուրդը։ Ինչպես միասնական հագուստի կարգը որոշելու պարտադրանք չկա, այնպես էլ պետք է չլինի սև ու սպիտակ կրելու պարտադրանք»,- այս մասին այսօր Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ինձ շատ էին հանդիմանում, որ դա կազդի ընդհանուր կարգապահության վրա, սիրելի տնօրեններ, ես դեռ խորհրդային միության ժամանակ եմ սովորել դպրոցում, երբ որ կար միասնական հագուստ, և կարգապահը կարգապահ էր, անկարգը՝ անկարգ։ Ֆորմայի մեջ երեխային մտցնելով չէ, որ մենք պետք է կարգապահություն ապահովենք դպրոցներում»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ իրեն մտահոգություն են հայտնել, որ այս հայտարարությունից հետո սոցիալական շերտավորումները ավելի հստակ կդառնան դպրոցներում. «Ես գնացել եմ որոշ դպրոցներ, որտեղ չկա միանման հագուստ կրելու որոշում, բայց որևէ շռայլություն չեմ տեսել աշակետների կողմից։ Նորմալ, համեստ հագնված, իրենց համար հանգիստ հագնված աշակերտներ էին այդ դպրոցներում և այդ շռայլությունների զրո դրսևորում նկատեցի այդտեղ»։
Այնուհետև նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև աշխատանքային տետրերին՝ նշելով, որ դրանք պարտադիր չեն. «Սա հստակ է, ովքեր կպարտադրեն այդ տետրերը նրանք նման իրավունք չունեն: Ծնողն ինքն է որոշում գնել այդ տետրերը, թե՝ ոչ»։
Ինչ վերաբերում է դասագրքերին՝ նա ասաց, որ շատ տեղին են այն բողոքները, որ առաջին տարում ծնողը գրքի համար վճարում է նույն գումարը, ինչ չորրորդ տարում հնամաշ գրքերի համար:
«Այս համակարգը ենթակա է փոփոխման, բացի այդ այս համակարգը թույլ չի տալիս ավելի հաճախ նոր դասագրքեր տպագրել, քանի որ 21-րդ դարում ինֆորմացիայի ծավալը, մեթոդները շատ արագ փոփոխվում են, և մենք այդ նորությունները պետք է հնարավորություն ունենանք, արագ բերենք դպրոցներ»,- հավելեց նախարարը:
Անդրադառնալով դպրոցների ներքին ստուգումներին ու հայտնաբերված խախտումներին նախարարը հայտնեց, որ մինչև մեկ տասնյակ գործեր ենք ուղարկել դատախազություն կապված ուսումնարանների և դպրոցների հետ, ընթացքում էլ երբ բացահայտում ենք, անմիջապես իրավապահներին ենք ուղարկում:
«Դա իրավապահների գործն է, միայն այն դեպքում, երբ մենք մեր ներքին ստուգումների արդյունքում խախտումներ ենք հայտնաբերում, մենք դա անմիջապես իրավապահներին ենք փոխանցում և նույնիսկ ընթացքին էլ չենք հետևում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ. Հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը
- Ու՞մ է հաճոյանում նախարարը
- Սև ու սպիտակ համազգեստ կրելու պարտադրանք չկա. ԿԳ նախարար