Ամեն ինչ արվում է, որ ցորենի ներկրման ժամանակ գնային փոփոխություններ չլինեն. Արմեն Փամբուխչյան
Վրաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի բեռնատարներով ցորենի ներմուծումն ու արտահանումը: Այդ որոշումը վերաբերում է բոլոր այն երկրներին, որոնք իրենց տարածք ցորեն են ներկրում Վրաստանով: Ի դեպ, այդ արգելքը տարածվում է նաև վրաց բեռնափոխադրողների վրա:
Արգելքի պատճառն, ըստ վրացական կողմի, այն է, որ ցորենով բեռնված մեկ բեռնատարը զգալի վնաս է հասցնում իրենց ճանապարհներին։
Խնդրի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանի հետ:
Փոխնախարարի խոսքով՝ բեռնափոխադրող ընկերությունները զգուշացվել են, որ այլևս չեն կարող անցնել Վրաստանի տարածքով և փոխադրումները պետք է իրականացվեն միայն ծովային ճանապարհով և երկաթգծով։
«Այս պարագայում մեզ մնում է միայն մեկ տարբերակ. բեռնափոխադրումն իրականացնել լաստանավով՝ Նովոռոսիյսկ- Փոթի նավահանգստով, որից հետո բեռները երկաթուղով կներկրվեն Հայաստան: Սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ որոշումը վերաբերում է բոլոր երկրներին, որոնք ցորեն են տեղափոխում Վրաստանի միջոցով:
Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այժմ հայկական կողմը բանակցություններ է տանում վրացական կողմի հետ՝ բեռնափոխադրումների գնի թանկացումը նվազագույնի հասցնելու համար:
«Բանակցություններ են ընթանում «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների հետ, որպեսզի դեպի Հայաստան բեռնափոխադրումների գները չբարձրանան և հայ բեռնափոխադրողները կարողանան նորմալ գներով բեռները տեղափոխել: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ բեռնափոխադրման ժամանակ գնային փոփոխություններ չլինեն, դա էլ իր հերթին չբերի ցորենի գներ բարձրացման»,- նշեց Արմեն Փամբուխչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի կառավարության այդ որոշումը հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման. Շարմազանովը՝ Վոլսկուն
- Եթե Վրաստանի որոշումն ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին