Երևանի մնջախաղի թատրոնը «Золотой Витязь» միջազգային թատերական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել
Երևանի մնջախաղի պետական թատրոնն ընտրվել է Մոսկվայում անցկացվող հեղինակավոր «Золотой Витязь» 16-րդ միջազգային թատերական ֆորումի փորձագիտական հանձնաժողովի կողմից և իր խաղացանկային «Արդաղիոն» ներկայացումով մասնակցության հրավեր է ստացել:
Panorama.am-ը Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է եղել ընտրությունը, արդյո՞ք թատրոնը ֆորումին մասնակցելու հայտ է ներկայացրել։
«Բացառիկ թատերական միջազգային ֆորում է։ Մեր թատրոնն առաջին հայկական թատրոնն է, որ պետք է մասնակցի հեղինակավոր այդ ֆորումին»,- ասաց նա։
Ֆորումի կարգախոսն է՝ «Հանուն բարոյական իդեալների և հանուն մարդու հոգու մեծարման»։
«Ընտրվում են գաղափարախոսությանը համահունչ բարձրարժեք բեմադրություններ և ներկայացվում»,- նշեց Ժ. Դադասյանը՝ ընդգծելով, որ իրենք հայտ չեն ներկայացրել, այլ հենց փորձագիտական հանձնաժողովն է միանգամից ընտրել իրենց ներկայացումը։
«Քանի որ մեր թատրոնը ճանաչված է ռուսական փորձագիտական շրջանակներում և հատկապես «Արդաղիոն» ներկայացումը, որը մի քանի փառատոներում մրցանակների է արժանացել, փորձագիտական խորհրդի անդամներից հենց այդ փառատոների ժյուրիներում են եղել, այդ փորձագետներն անմիջապես, առանց փուլեր անցնելու, առաջարկել են որպեսզի մեր ներկայացումը լինի ֆորումի ավարտական փուլում, որը կայանալու է նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Ժ. Դադասյանն ասաց, որ բոլոր մյուս փառատոներից, որ իրենք հրավեր են ստանում և մասնակցում են, դրամատիկ թատրոնների մրցույթներ են լինում, ոչ թե մնջախաղի փառատոներ։
«Շատերի մոտ սխալ կարծիք է ձևավորվում, որ մասնակցում ենք մնջախաղի փառատոների։ Ոչ, մենք մասնակցում ենք թատերական փառատոների խոսող թատրոնների հետ և շատ հաճախ Գրան պրի ենք ստանում։
Այս ֆորումին մասնակցելը մեզ համար շատ մեծ պատիվ է»,- նշեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Մրցանակաբաշխությանը կայանալու է Մոսկվայի կենտրոնական եկեղեցում դեկտեմբերի 10-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան