Եթե Վրաստանի որոշումն ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք. Մարուքյան
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց Վրաստանում կառավարության այն որոշման մասին, համաձայն որի սեպտեմբերի 15-ից հացահատիկն այլևս Հայաստան չի կարող ներկրվել վերգետնյա տրանսպորտով։
«Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա, եթե միայն Փոթիով գա։ Բնականաբար դա Վրաստանի ներքին գործն է, բայց եղբայրական պետություններ ենք, կարծում եմ՝ Հայաստան-Վրաստան բարեկամական պետք է նաև զբաղվի այս հարցով՝ խորհրդարանական հարթակում։ Ժամանակը շատ կարճ է, և եթե սեպտեմբերի 15-ին այս որոշումն ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք։ Առանց այն էլ հացը թանկացել է Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ արդեն այս հիմքով»,- ասաց պատգամավորը։
ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն արձագանքեց. «Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարը ես եմ։ Մենք, ամենայն հավանականությամբ, պաշտոնական այց կունենանք մինչ սեպտեմբերի 15-ը Վրաստան։ Կարծում եմ՝ խորհրդարանն իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի, բայց կարծում եմ, նախևառաջ, այստեղ անելիք ունեն մեր հարգարժան կառավարության ներկայացուցիչները»։
Արձագանքեց նաև ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ նշելով. «Խնդիրը հետևյալն է, փաստորեն Վրաստանի կառավարության որոշմամբ ընդհանրապես արգելվել է Վրաստանի տարածքւոմ բեռնատարներով ցորենի տեղափոխումը, և դա վերաբերում է նաև վրացական բեռնափոխադրողներին, նրանք ևս խնդրի առաջ են կանգնել, և Վրաստանում էլ մեկ տոննայի մեջ 40 դոլարով թանկանում է հացահատիկը։ Ես զրուցել եմ վրացի գործընկների հետ, խորհրդարանի առաջիկա նիստում նրանք էլ այդ հարցը բարձրացնելու են, թե ինչու է նման որոշում կայացվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան