Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով. Շարմազանով
«Եղել են քաղաքական գործիչներ, պաշտոնաթող նախագահներ, ովքեր դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին։ Եղել են թե կողմ, թե դեմ արտահայտվողներ։ ՀՀ երկրորդ նախագահի գնահատականներն էլ այդ բարեփոխումների վերաբերյալ մեզ համար նորություն չեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։
Նա վերահաստատեց միայն իր և ՀՀԿ-ի կարծիքը, սահմանադրական բարեփոխումները և խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտությունը կար և բխում էր, պետական շահի գերակայնությունից։
«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետին, ես այն կարծիքին չեմ, որ Սահմանադրությունը փոխվել է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով պաշտոնավարի: Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով, որի մասին մենք խոսել ենք։ Սերժ Սարգսյանի առաջադրման վերաբերյալ ևս եղել են տարբեր կարծիքներ: Ես գտնում եմ, որ ապրիլի 17-ի դրությամբ Սերժ Սարգսյանի ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահից, քանի որ այն ժամանակվա իրողություններով Հանրապետական կուսակցությունը ստացել էր ընտրություններում քաղաքական մեծամասնություն ու, ըստ Սահմանադրության, մենք պետք է որոշեինք՝ ում ենք վստահում վարչապետի պաշտոնը, իսկ մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի մարտահրավերներին դիմակայալու, ավելի լավ ազգային անվտանգությունը գիտակցելու ու Արցախի շահը պաշտպանելու, ավելի իմաստուն, փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանը, չունեինք»,- մանրամասնեց Շարմազանովը։
Նա հավելեց, որ հարգանքով վերաբերելով երկրորդ նախագահի կարծիքին, չեն կիսում այն. «Մենք ունենք մեր կարծիքը, ինքը՝ իր, բայց սա չի նշանակում, որ շատ ու շատ այլ լայն հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երկրորդ նախագահ. Ասել, թե իշխանությունները փորձ չունեն, շատ մեղմ է
- Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ չեն փախնում դժվարություններից. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին