Գաբրիել Բալայանը հանդիպել է բնակարանային ապահովման խնդրով կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների հետ
Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բնակարանային ապահովման խնդրով ՀՀ կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների նախաձեռնող խմբի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ղեկավարությամբ՝ ՊՆ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վերահաստատելով պաշտպանության նախարարության պատրաստակամությունը լուծել տարիներով կուտակված խնդիրը, Գաբրիել Բալայանը պաշտոնաթող սպաների հետ քննարկել է գործադիր իշխանության և շահագրգիռ գերատեսչությունների կողմից առաջարկվող խնդրի լուծման հնարավոր և իրատեսական տարբերակները, լսել և հանգամանալից պատասխանել է նրանց կողմից բարձրացված հարցերին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, կառավարությանը հասցեագրված դիմումի պաշտոնական պատասխանը ստանալուն պես, պաշտոնաթող սպաների շրջանում քննարկել ներկայացված առաջարկները և հանդես գալ միասնական դիրքորոշումով։