Ժիրայր Դադասյանը՝ մշակույթի նախարարի հայտարարությունների մասին
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնն այս տարի չկայացավ։ Ավելի վաղ Panorama.am-ը Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանից տեղեկացել էր, որ այս տարի փառատոն չի լինելու, ֆինանսավորում չեն տալիս փառատոնի համար։
«Միշտ էլ մշակույթի նախարարությունն է տվել»,- ասել էր նա։
Օգոստոսի 27-ին կայացած ասուլիսում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասել էր, որ պարոն Դադասյանի ու մշակույթի նախկին նախարարի միջև համատեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի փառատոնն անցկացվի երկու տարին մեկ, քանի որ փառատոնին տարեկան տրամադրվելիք 16 միլիոն դրամը կրճատվել էր՝ հասնելով 8 միլիոնի։ «Սա եղել է նրանց ընդհանուր պայմանավորվածությունը։ Այս տարին եղել է այն տարին, երբ փառատոնը չէր իրականացվելու»,- նշել էր նախարարը։
Panorama.am-ը հետաքրքրվեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանից, թե խոսքն ի՞նչ պայմանավորվածության մասին է։
«Մենք նման պայմանավորվածություն չենք ունեցել։ Պարոն Արմեն Ամիրյանի հետ պայմանավորվածություն ենք ունեցել, որ 2017-ին անենք 8 միլիոն դրամով՝ մի օր կրճատելով, ծրագիրը մի քիչ սեղմելով, որ ռիթմից չընկնենք։ Պարոն Ամիրյանը խոստացել էր, որ 2018 թվականին արդեն լիարժեք կանենք։
Այսինքն լրիվ հակառակն է եղել։ Երբ պարզվեց, որ իրենք մեզ գումար չեն տալիս, այդ ժամանակ ես առաջարկեցի իրենց, որ այդ դեպքում եկեք այս տարի չանենք, մտնենք երկու տարին մեկ ռեժիմ, գոնե մյուս տարի նորմալ անենք»։
Ժ. Դադասյանն անդրադարձավ նաև նախարար Մակունցի հայտարարությանը թատրոնի շենքի հետ կապված, մասնավորապես՝ «այժմ ուսումնասիրում են շենքեր, որոնք կարող են հատկացնել թատրոնին համատեղության կամ ոչ համատեղության կարգով», ասաց. «Մեզ ակնարկել են՝ չե՞ք գնա Երրորդ մաս «Մետրո» թատրոն, որն էլի իրենցը չէ, որն էլի պետք է վարձավճարով լինի։ Ի՞նչ տարբերություն, մենք հիմա էլ ենք Պատանի հանդիատեսի թատրոնում վարձավճարով։ Այսինքն թողենք, գնանք Երրորդ մաս։ Ավելի վատ վիճա՞կ են ուզում ստեղծել մեզ համար։
Ժանրային թատրոն է, մեր հանդիսատեսի հիմնական մասը օտարերկրացիներ են, զբոսաշրջիկներ են, պետք է լինի քաղաքի սրտում»։
Նշենք, որ Երևանի Մնջախաղի պետական թատրոնը տեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983 թվականին։ Չունենալով սեփական տարածք, թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ 2017 թվականին Երևանի Գևորգ Քոչար 21 հասցեում գտնվող Ազգային գրապալատի շենքը տրվել էր Մնջախաղի պետական թատրոնին։ Թատրոնի նոր տարածքի նախագծային արժեքը մոտ 260 մլն դրամ էր։
Ասուլիսում Լ. Մակունցն ասել էր, որ առաջարկվել էր հատկացված տարածքում կատարել շինարարական փոփոխություններ, հարկը բարձրացնել, մուտքը լիներ դրսի կողմից, ունենալ առանձին մուտք, առանձին սրահ։ «Խնդիրն այն է, որ շենքը հուշարձանային է, որևէ կերպ նման փոփոխություններ չեն կարող լինել այդ շենքի պարագայում»,- հայտարարել էր նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի մնջախաղի թատրոնը «Золотой Витязь» միջազգային թատերական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել
- Ինչու չկայացավ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը
- Մնջախաղի միջազգային փառատոնն այս տարի չի կայանալու
- Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի
- Երևանի մնջախաղի պետական թատրոնը նոր հասցե ունի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին