Եվրոպայում ավելի քան 1 մլն էլեկտրամոբիլ կա
2018 թվականի առաջին կիսամյակում Եվրոպայում էլեկտրական տրանսպորտային միջոցների թիվը գերազանցել է 1 միլիոնը, իսկ տարեվերջին եվրոպական մայրցամաքի ավտոճանապարհներին կհայտնվի 1,35 միլիոն այդպիսի ավտոմեքենա: Այս մասին նշված է EV-Volumes շվեդական վերլուծական ընկերության ուսումնասիրության մեջ, գրում է Deutsche Welle-ն:
Ինչ վերաբերում է էլեկտրամոբիլների վաճառքին, ապա 2018 թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատը այն աճել է 42 տոկոսով և կազմել 195 հազար: Այդուհանդերձ, էլեկտրամոբիլները Եվրոպայում մեքենաների վաճառքի միայն 2 տոկոսն են կազմում:
Ըստ ուսումնասիրության՝ էլեկտրամոբիլների վաճառքի առաջատարներն են Նորվեգիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Շվեդիան: Ակնկալվում է, որ տարեվերջին Գերմանիան առաջ կանցնի Նորվեգիայից: Փորձագետները կանխատեսում են, որ Նորվեգիայում կվաճառվի 84 հազար էլեկտրամոբիլ, Գերմանիայում՝ 88,5 հազար:
Նշվում է նաև, որ EV-Volumes-ն ուսումնասիրության մեջ հաշվի է առնում ինչպես ամբողջությամբ էլեկտրամոբիլները, այնպես էլ՝ հիբրիդները: