Ես ասել եմ՝ թողեք աշխատեմ. Կոնստանտին Օրբելյան
«Աշխարհի շատ թատրոններում գլխավոր տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի պաշտոնները համատեղ են։ Նաև եթե գեղարվեստական ղեկավարը դիրիժոր է, չպետք է լինի գլխավոր դիրիժոր, այդ պաշտոնները նույնպես համատեղվում են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանեք մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հայտարարությունները։
Նա նաև նշեց. «Ես ասել եմ՝ թողեք աշխատեմ, մի քանի տարվա պայմանագիր ունեմ, եթե ձեզ դուր չի գա, փոխեք հետո։ Ես ասել եմ՝ իմ պայմանագիրն այդպիսինն է։ Ես անում եմ այն, ինչ համարում եմ անհրաժեշտ։ Ես կարծում եմ, որ այն, ինչ ես անում եմ, առաջին հերթին պետք է թատրոնին, երգիչներին։ Հսկայական պլաններ ունենք»։
Կ.Օրբելյանն ասաց, որ լավ հարաբերություններ ունի մշակույթի նախարարի հետ։
Ասուլիսին ներկա թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանն ասաց, որ ինքը թատրոնում աշխատում է 1977 թվականից։
«Հովհաննես Չեքիջյանը, երբ 1982 թվականին նշանակվեց տնօրեն և գեղարվեստական ղեկավար, վերացվեց ոչ միայն գլխավոր դիրիժորի, նաև գլխավոր խմբավարի պաշտոնը, ասաց՝ եթե ես այստեղ եմ, ի՞նչ գլխավոր խմբավար»,- հավելեց նա։
Օգոստոսի 27-ին կայացած ասուլիսում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, խոսելով հաստիքների տարանջատման մասին ասել էր, որ հնչեցվել է տեսակետ, որ օպերայի աշխատանքների արդյունավետությունը թերևս կշահի, եթե բոլոր հաստքիները լինեն տարանջատված։
«Մեր կողմից հնչեցվել է այդ տեսակետը, որ տնօրենն առանձին հաստիք զբաղեցնի, գեղարավեստական ղեկավարը՝ առանձին։ Խոսել ենք գլխավոր դիրիժորի հաստիքի անհրաժեշտության մասին։ Անձամբ իմ կարծիքն այն է, որ եթե այդ հաստիքները լինեն առանձին, օպերայի արդյունավետ աշխատանքը շատ ավելի զգալի կլինի։ Շատ դեպքերում տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հաստիքները միմյանց հետո պետք է կոնֆլիկտի մեջ մտեն, ու դրա արդյունքում է լինում արդյունավետ աշխատանք»,- ասել էր նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան