Երբ առաջին զանգը հնչում է մեկ աշակերտի համար
Դպրոցական առաջին զանգն այս տարի ևս հանրապետության մի շարք դպրոցներում կհնչի մեկ-երկու աշակետրի համար։ Դժբախտաբար, կլինեն նաև դպրոցներ, որոնք ընդհանրապես առաջին դասարան չեն ունենա։ Ցավոք, առաջին տարին չէ, որ պատկերն այսպիսին է։
Panorama.am-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից տեղեկացավ, որ այս տարի հանրակրթական դպրոցների առաջին դասարան կգնան շուրջ 39 հազար աշակերտ։
«Սա դեռ հստակ թիվը չէ, այն ավելի պարզ կլինի սեպտերմբերի 5-ի դրությամբ։ Նախորդ տարվա հետ տարբերությունը շատ չնչին կարող է լինել՝ դեպի դրական»,- ասաց նա։
Արշակյանը տեղեկություն չուներ, թե հանրապետության քանի դպրոցներ այս տարի առաջին դասարան չեն ունենա, կամ կունենան ընդամենը մեկ երկու աշակերտ։ Դրա համար ևս նա խորհուրդ տվեց սպասել մինչև սեպտեմբերի հինգը։
Մինչ նախարարությունը հստակ թվեր կներկայացնի, մենք հենց դպրոցներից փորձեցինք պարզել իրավիճակը։
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Արևուտ գյուղի հիմնակա դպրուցում առաջին զանգն այս տարի կհնչի ընդամենը երկու աշակերտի համար։
«Առաջին դասարանում մեկ աղջիկ ու մեկ տղա կունենանք, տխուր է, բայց նախորդ տարվա համեմատ՝ հուսադրող, երբ ընդամենը մեկ առաջին դասարանցի ունեինք»,- Panorama.am-ի հետ զրուցում ասաց դպրոցի տնօրեն Խաթուն Հարությունյանը՝ նշելով, որ առաջին դասարանցիներին կմիավորեն չորրորդ դասարանի հետ։
Նա պատմեց, որ դպրոցն ընդհանուր 13 աշակերտ ունի։
«Այս վերջին տասը տարվա ընթացքում է աշակերտների թվի կտրուկ նվազումը նկատելի է, գնում են գյուղից, բայց, փառք աստծո, արդեն նոր ծնվող երեխաների թիվն ավելանում է։ Հուսանք՝ մի քանի տարում պատկերն այսես վատ չի լինի»,- ասաց տնօերնը։
Առաջին դասարանցի չի ունենա նույն մարզի Վարդաբլուր գյուղը։
«Դպրոցը ոչ մի խնդիր չունի, գյուղը խնդիրներ ունի, աշխատանք չկա, մարդիկ ստիպված թողնում գնում են, աշակերտներն էլ՝ պակասում։ 192 աշակերտի համար նախատեսված դպրոցն այսօր ընդամենը 62 աշակերտ ունի։ Արտագաղթը շարունակվում է։ Այս տարի շրջանավարտ էլ չենք ունեցել»,- մեզ հե զրույցում ասաց Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Նազարեթյանը։
Մեկ առաջին դասարացի կունենա նաև Վայոց Ձորի Սարավան համայնքի հիմնական դպրոցը։
Դպրոցի տնօրեն Աշոտ Փանդունցն ասաց, որ ունեն 15 աշակերտ, այնինչ դպրոցը նախատեսված է 80 աշակերտի համար։ Այս դպրոցում արդեն օրինաչափ է դարձել երկու աշակերտ ունեցող դասարանները։
«Մեկ աշակերտ կա նաև ութերորդ դասարանում, յոթերորդ դասարան ընդհանրապես չունենք, ամենաշատ աշակերտ ունեցող դասարանն իներորդն է՝ 3 աշակերտ։ Հիմնականում երկու աշակերտանոց դասարաններ են։ Ընտանիքներով գնում են, գյուղը քայքայվել պրծել է։ Իսկ 2001 թվականին 81 աշակերտ ենք ունեցել»,- պատմեց մեր զրուցակիցը։
Ի տարբերություն այս դպրոցների՝ իրավիճակն ավելի հուսադրող է Տավուշի մարզի Այգեպարի միջնակարգ դպրոցում։ Դպրոցի առաջին դասարան կհաճախի 6 աշակերտ։
«Նախորդ տարի 7 առաջին դասարանցի ենք ունեցել։ Այս պահի դրությամբ 55 աշակերտ ունենք դպրոցում։ Մեր դպրոցում երեխաների թիվը գնալով աճում է, Գյուղում զինվորականներ կան, երիտասարդների ամուսնությունը գնալով մեծանում է»,- մեզ հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Արևիկ Արզումանյանը։
Շարունակելի...
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամեձ Բերքաբերը մեկ առաջին դասարանցի ունի
- «Դպրոցը կամաց-կամաց պրծնում է». Սյունիքում 10 դպրոց առաջին դասարան չունի
- Սահմանամերձ Բերքաբերի դպրոցի տնօրեն. «Աշակերտների թվի նվազման միտում կա»
- Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
- Ընդամենը 1 առաջին դասարանցի Դաշտադեմում. Լոռու ծերացող գյուղերը
- Այգեպարի միջնակարգ դպրոց է հաճախել երեք առաջին դասարանցի (լուսանկարներ)
- Ծերացող Չինարին (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին