Ոստիկաններն արգելել են երաժիշտներին նվագել Հյուսիսային պողոտայում
Գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկու օր առաջ ոստիկանները Երևանի Հյուսիսային պողոտայում արգելում էին նվագել ուկրաինացի ու վրացի երաժիշտներին, որոնք սիրված արտասահմանյան երգեր էին կատարում, բավական լավ մակարդակով, բայց ոչ բարձր՝ մոտիկ պետք է կանգնեիր, որ լսեիր։ Նա նշել է, որ Երևանի փոխոստիկանապետ պարոն Էդգար Պետրոսյանի ու իր բանավեճից հետո Հյուսիսային պողոտայի երաժիշտներին հանգիստ թողեցին։
«Երեկ նորից որսը վերսկսեցին՝ թե բնակիչները բողոքում են։ Ես էնտեղ էի, միջամտեցի՝ գնացին։ Բայց պարզվեց ոստիկանության մայորը, որն արդարացավ, թե միայն զգուշացնում ենք, որ բարձր չնվագեն, որի հետ էդտեղ իրար ձեռք սեղմեցինք, արդեն հրահանգել էր բռնել կանաչ իրոկեզով տղային՝ Իլյա Կուլիկին։ Շատ բռի ձևով թևերը ոլորել-տարել էին բաժանմունք։ Իսկ Իլյան պաշտպանում էր կիթառ նվագող հայ տղային, որի վրա հարձակվել էին նույն ոստիկանները։...
Ես նորից ասեմ։ Հյուսիսային պողոտան ճեմուղի է, հանրային տարածք, աղմուկի չափը կգերազանցեն, միջոցներ ձեռնարկեք, ուրիշ չափանիշներ էլ կարող են մշակվել։ Բայց դուք պետք է երաժիշտներին մոտենաք էդ թուղթը ձեռքներիդ՝ այլապես իրենք ազատ են անելու այն, ինչն օրենքով չի արգելվում։ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդված»,- գրել է Վ. Մարտիրոսյանը։
Նա նշում է, որ երեկ կեսգիշերին ուկրաինացի երաժիշտներ Իլյա Կուլիկին և Ալեքսանդր Իլյուշինին բաց են թողել Կենտրոնի ոստիկանատնից։ Վ. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցության համար։
«Երաժիշտների համար ծանր էր, բայց ընկճված չեն ու էսօր էլ են նվագելու։ Եկեք լսելու»,- գրել է նա։
Տեղի ունեցածի հետ կապված Panorama.am-ը մեկնաբանություն էր ուզում ստանալ ոստիկանությունից։ Ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ օրվա ընթացքում իրենց կայքում տեղեկատվություն կլինի։