Դպրոցներ, որոնք առաջին դասարանցիներ չեն ունենա (մաս 2)
Panorama.am-ը շարունակում է ներկայացնել այն դպրոցները, որտեղ առաջին դասարանցիներ չեն լինի կամ առաջին զանգը կհնչի հատուկենտ աշակերտների համար։ Նման գյուղական դպրոցներ ունեցող մարզերից աչքի են ընկնում Սյունիքը, Արագածոտնը, Վայոց Ձորը, Լոռին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Սյունիքի մարզի 10 դպրոց առաջին դասարանցի չէր ունեցել։
Այս տարի ևս կապ հաստատեցինք այդ դպրոցների հետ, հասկանալու՝ ինչպիսին է պատկերն այժմ։
Սյունիքի Արևիս համայնքի դպրոց է հաճախում մեկ ընտանիքի երեք երեխա։ Քույրերը սովորում են երրորդ, վեցերորդ ու յոթերորդ դասարաններում։
«Այս տարի էլ առաջին դասարան չունենք։ Հինգ աշակերտ ունեինք ընդհանուր՝ երկուսը տեղափոխվեցին Քարաշենի դպրոց, մնացին քույրերը։ Ուսուցիչներն էլ երեքն են»,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Ռիտա Գրիգորյանը։
Սահմանամերձ այս գյուղի դպրոցը կառուցվել է 1948 թվականին։ Տնօրենի խոսքով՝ դպրոցի շենքը հիմնանորոգման կարիք ունի, բայց դպրոցի հետագա ճակատագիրը չի պատկերացնում ինչ կլինի։
Նա պատմեց, որ իրենց դպրոցը վերջին շրջանում ամենաշատ աշակերտ ունեցել է 2002 թվականին՝ 20-21 հոգի:
«Գյուղը Սիսիանից հեռու է 20 կմ, բայց կյանքից շատ կտրված է։ Գյուղ բերող ճանապարհը սարսափելի վատ վիճակում է, միայն տաքսիներ են աշխատում, այն էլ՝ թանկ գնով։ Պատկերացրեք՝ Սիսիանից Երևան նույնն գինն է, ինչ Սիսիանից Արևիս»,- ասաց Ռիտա Գրիգորյանը։
Նույն մարզի Շիկահող համայնքի դպրոցը, որը նախորդ տարի չուներ առաջին դասարանցի, այս տարի երկու առաջին դասարանցի կունենա։ Դպրոցի տնօրեն Արևիկ Հակոբյանը լավատես է և նշում է, որ գյուղում պատկերը դեպի լավն է փոխվում. «Դպրոցում ընդհանուր 18 երեխա կա, իսկ ժամանակ կար ավելի քիչ էր, հիմա ծնունդներ կան, երիտասարդ ընտանքիներ կան»։
Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի դպրոցն էլ ընդհանրապես տարրական դասարաններ չունի։
«Քանի տարի է առաջին դասարան չենք ունենում, դպրոցում ընդամենը 14 աշակերտ կա, այն էլ՝ բարձր դասարաններում, կավարտեն կգնան, դպրոցն ու գյուղը ոչ մի հեռանկար չունեն»,- ասաց տնօրեն Դավիթ Թումանյանը։
Աշակերտների քիչ թվով աչքի ընկնող Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի դպրոցն էլ այս տարի 4 առաջին դասարանցի կունենա։ Տնօրեն Անահիտ Պետրոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախորդ տարի էլ նույնքան առաջին դասարանցի ունեին. «Հիմա ընդհանուր ունենք 33 աշակերտ։ Թվի նվազման պատճառը նույնն է, ինչ որ մնացած գյուղերում, սոցիալական խնդիրներն ու աշխատանքի բացակայությունը»։
Վայոց Ձորի մարզի Սերս գյուղի դպրոցի տնօրենից էլ տեղեկացանք, որ ունեն ընդամենը 8 աշակերտ, մեկ առաջին դասարանցի։
Իսկ ահա Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում աշակերտների թիվն ավելանում է։
«Այս տարի վեց առաջին դասարանցի ունեինք, նախորդ տարի՝ մեկն էր։ Հիմա դպրոցում ունենք 46 աշակերտ, հինգ տարի առաջ՝ 34-ն էին»,- ասաց դպրոցի տնօրեն Գայանե Խուդավերդյանը։
Տնօրենի խոսքով՝ գյուղացիները հիմա ավելի հայրենասեր են դարձել։
«Գյուղում ոչ շատ մեծ, բայց ներդրումներ արվել են, աշխատատեղեր կան, չնայած չնչին, երեի թե արտագաղթելն ու օտար երկրներում ինտեգրվելն ավեի դժվար է դարձել»,- հավելեց նա։
Ինչպես նշել էինք Կրթության և գիտությանը նախարարությունից մեզ հայտնել էին, որ սեպտեմբերի 5-ից հետո հստակ թվեր կներկայացնեն հանրապետության առաջին դասարանցիների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամեձ Բերքաբերը մեկ առաջին դասարանցի ունի
- «Դպրոցը կամաց-կամաց պրծնում է». Սյունիքում 10 դպրոց առաջին դասարան չունի
- Սահմանամերձ Բերքաբերի դպրոցի տնօրեն. «Աշակերտների թվի նվազման միտում կա»
- Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
- Ընդամենը 1 առաջին դասարանցի Դաշտադեմում. Լոռու ծերացող գյուղերը
- Այգեպարի միջնակարգ դպրոց է հաճախել երեք առաջին դասարանցի (լուսանկարներ)
- Ծերացող Չինարին (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում