Լուրջ ներդրումներ դեռևս չեն եղել. Գագիկ Մակարյան
«Իրականում կառավարությունը մտածում է տնտեսական հայցակարգ ստեղծելու մասին: Ստույգ տեղեկություններով, արդեն օգոստոս ամսվա սկզբից աշխատանքային խումբ է ստեղծվել, որը սկսել է նախագծել Հայաստանի զարգացման ծրագիր, որի մի կարևոր կոմպոնենտը լինելու է տնտեսական մասը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Նախնական առաջարկ է եղել մեզ՝ նույնպես ընդգրկվելու խմբի աշխատանքներում: Կառավարությունը, ունենալով ուժեղ փաստաթուղթ, կլրացնի բացը: Ինչ վերաբերում է բիզնեսին, այն իր աշխատանքները շարունակում է իներցիայով: Բիզնեսն առայժմ պետական աջակցության, բարեփոխումների առումով էական տարբերութուն չի նկատում: Հիմնական նկատելին այն է, որ վարչարարությունն ավելի լավացված է, մեղմացված է, սակայն բիզնեսը դեռևս զգուշավոր է»,- ասաց բանախոսը:
Գագիկ Մակարյանի խոսքով, կան ոլորտներ, որոնք էական կապիտալ են պահանջում: Ըստ նրա՝ առկա տնտեսական աճը կարելի է երկու գործոնով պայմանավորել: Առաջինը եղած ոգևորությունն է, որ առկա է մարդկանց շրջանում:
«Բիզնեսի մեջ ապագայի հանդեպ վստահություն կա, կա նաև սպասողական վիճակ: Կարծում եմ, որ սպասողական այդ վիճակը կտևի մինչև հաջորդ տարվա ընտրություններ: Երկրորդը՝ մտածելակերպի և գործելակերպի առումով կա որոշակի ազատություն: Սակայն պետական համակարգում նաև խնդիրներ կան: Դրանք պայմանավորված են հանգամանքով, որ կառավարության տարբեր ենթակառուցվածքների ղեկավարները բավարար փորձառություն չունեն կամ իրենց մոտիվացիան հստակ չեն արտահայտում»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Անդրադառնալով ներդրումների խնդրին՝ ՀՀ գործատուների միության նախագահը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո հնչած հայտարարությունները կյանքի կոչելու համար ժամանակ է անհրաժեշտ, այն է՝ ներդողները պետք է հավատան, որ շուկայում հավասար իրավունքներ են ստեղծված:
«Ժամանակ է պետք, որ այս փիլիսոփայությունը «նստի» ներդրողների մեջ: Ներդրողները ձեռնարկատերեր են, ոչ թե բարեգործներ: Նրանք բիզնես շահեր են հետապնդում, իսկ բիզնեսը միշտ զգուշավոր է և կշռադատող: Պետք է նշել, որ լուրջ ներդրումներ դեռևս չեն եղել: Օտարերկրյա ներդրողները միշտ նայում են, թե ինչ կարծիք են արտահայտում տեղական ներդրողները: Այլ հարց է մենեջմենթի բարելավման հարցը: Միջին օղակներում այսօր գործընթացներն արգելափակվում են, ինչը հարիր չէ նոր պայմաններին: Վարչապետի ուսերին ահռելի բեռ կա, սակայն միջին օղակում չկա հետադարձ դեմոկրատական կապը, միջին օղակում մտածում են, որ իրենք հարկատուներից բարձր են»,- ամփոփեց Գագիկ Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում