Հայաստանը կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին
Բիզնես Արմենիայի և Սիրիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով երեկ երեկոյան Սիրիայի մայրաքաղաք են ուղարկվել արտահանման ենթակա ապրանքների նմուշներ ու կատալոգներ։
Բիզնես Արմենիայի hանրային կապերի թիմից հայտնում են, որ հոկտեմբերի 6-15-ը Բիզնես Արմենիայի աջակցությամբ առաջին անգամ հայաստանյան արտահանող և արտահանման ներուժ ունեցող 34 ընկերություններ կմասնակցեն Դամասկոսի միջազգային էքսպոյին՝ ներկայացնելով մեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտները։
«Սիրիան ակտիվ քայլեր է անում տնտեսության վերականգնման նպատակով։ Սա հայաստանյան տնտեսվարողների համար լավ փուլ է՝ շոշափելու մերձավորարևելյան շուկայի պահանջարկը։ Դրական արձագանքի դեպքում կարող ենք ակնկալել արտահանման պայմանագրեր»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։
Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն նաև Հայաստանի գործարար միջավայրի, զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ տպագիր նյութեր։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան