Դատախազությունը դեռևս տվյալներ չունի Միքայել Հարությունյանին ՌԴ-ում կամ այլ վայրում հայտնաբերելու մասին. Գ. Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հաշվի առնելով, որ մի քանի լրատվամիջոցներ մեզ են դիմել միևնույն հարցով՝ կապված «Ինտերֆաքս» գործակալության այսօրվա՝ անանուն աղբյուրներին կատարված հղումով հրապարակման հետ՝ առ այն, որ հայկական կողմը պաշտոնապես ՌԴ իրավապահ մարմիններին է դիմել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում կատարված իրարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին հանձնելու հարցով, տեղեկացնում եմ հետևյալի մասին:
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին: Հետևաբար նման պայմաններում կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունից չէր կարող ներկայացվել:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում դրա մասին, օրենքով, ինչպես նաև համապատասխան միջազգային ակտերով սահմանված ընթացակարգերով տեղեկացվում է բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնք ՀՀ-ի հետ գտնվում են համապատասխան իրավապայմանագրային հարաբերությունների մեջ»,- հայտարարել է Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան