Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրկոմ
Համապատասխան օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո՝ օգոստոսի 30-ից վերսկսվել է Սևանա լճից լրացուցիչ ջրառը: Նույն օրը, Ջրային կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ, կառույցի պատասխանատուները շրջայց են կատարել Սևան-Հրազդան ջրառի հիմնական ուղղություններով՝ ներգրավելով նաև Բնապահպանության նախարարության ներկայացուցչին:
«Ջրի հաշվառման, հետևաբար և օգտագործման հսկողության հարցում մեզ շատ է օգնում էլեկտրոնային «Սկադա» համակարգը: Նույն՝ հէկ-երի դեպքում, ջրաչափիչ երկու կետերի դիտարկմամբ, օրինակ, կարող ենք արձանագրել դրանց միջակայքում գործող հէկ-երում շրջանառվող ջրի ծավալը և հասկանալ, թե ինչքանով են կարող խանգարել ոռոգմանը: Նույնը՝ ջրառի բոլոր ուղղություններով»,- արձանագրել է Ինեսսա Գաբայանը:
Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արզնի-Շամիրամ, Արտաշատի ջրանցքների վրա գործող ՀԷԿերում դադար է եղել՝ ջրի սպասումով: Զովաշեն, Նիգավան և մյուս հէկ-երում անձնակազմերը պատրաստվում էին կայանի վերագործարկմանը: Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը նրանց հետ խոսել է ջրառի հետ կապված ներկա իրավիճակի մասին, հիշեցրել մշտական հսկողության մասին և զգուշացրել, որ որևէ հէկ-ի գործունեություն ոռոգմանը չպետք է խանգարի: Հիդրոկայաններից մեկում տեղադրված լրացուցիչ փականը տեսնելով, կոմիտեի նախագահը հանձնարարարել է պարզել դրա կիրառման նպատակը և եթե այն խախտումով է՝ ապամոնտաժել և լրացուցիչ հսկողություն սահմանել:
«Սևանից լրացուցիչ ջրառի նկատմամբ առաջին իսկ րոպեներից խստագույն վերահսկողություն է գործում և այն կլինի մինչև վերջին կաթիլը: Հէկ-երն ընդամենը մի ուղղությունն են և առաջին քայլով հենց այստեղ ենք կանխարգելում հնարավոր չարաշահումները: Մեր հսկողական միջոցառումները մի քանի ուղղություններով են և հանրությունը պարբերաբար կիրազեկվի այդ մասին: Յուրաքանչյուր եռօրյակի կտրվածքով մենք ջրառի վերաբերյալ հաշվետվություն ենք ներկայացնելու կառավարություն, անձամբ՝ վարչապետին: Սերտ կապի մեջ ենք ջրառի բոլոր կետերի, ջրօգտագործողների բոլոր ընկերությունների հետ, որպեսզի հնարավորինս օպտիմալ ու արդյունավետ օգտագործվի ջուրը և որ ամենակարևորն է՝ արդարության ու հավասարության սկզբունքով»,- ասել է Ինեսսա Գաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ստորագրել է Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու մասին օրենքը
- Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց ամբուղջությամբ
- Սևանից մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
- Դեռևս չունենք այնպիսի տեխնիկական վիճակ, որ ոռոգման շրջանը պատվով ամփոփենք՝ առանց Սևանի. Ջրկոմի նախագահ
- «Փրկենք Սևանը». ակցիա ԱԺ շենքի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին