Երկրորդ նախագահի ընտանիքին պատկանող բիզնեսները հրապարակային են ու բոլորին հայտնի. Վիկտոր Սողոմոնյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում հույս է հայտնել, որ առաջիկայում կվերանա Ռոբերտ Քոչարյանի տնօրինած միլիարդների մասին առասպելը: Ըստ Սողոմոնյանի` 2-րդ նախագահի ընտանիքի հետ կապվող բիզնեսները և բաժնեմասերը հրապարակային են ու հասանելի բաց աղբյուրներում, իսկ լրագրողները, որոնք այսքան տարի գրել են տարբեր բանկերի ու հանքերի մասին, շատ լավ գիտեն, որ այդ պնդումներն անհիմն են:
«Չեմ կասկածում, մոտակա ամիսների կամ շաբաթների ընթացքում լրագրողների ու իշխանությունների օգնությամբ ճշմարտությունը կհաստատվի: Նույն այդ լրագրողներն ու իշխանությունները վաղուց գիտեն, որ չկան նման ցուցակներ, որ Պղնձամոլիբդենային կոմբինատը Քոչարյանինը չի: Հայաստանում հարյուրավոր մարդիկ ունեն նույն ծավալի բիզնեսներ, ինչը ունի Քոչարյանի ընտանիքը, այդտեղ ոչ մի արտասովոր բան չկա: Դա քաղաքացու գրպանի հետ կապ ունեցող բան չի, դա շաքարավազի ներկրում չի, հեռախոսների ներկրման բիզնես չի. Հիմնականում սպասարկման ոլորտի ու գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված բիզնեսներ են»,-նշել է Վիկտոր Սողոմոնյանը:
Ըստ Սողոմոնյանի` Ռոբերտ Քոչարյանն արդեն տասը տարի աշխատում է ԱՊՀ-ի ամենադիվերսիֆիկացված կորպորացիաներից մեկում՝ որպես անկախ տնօրեն, ու բավականին մեծ վարձատրություն է ստանում:
«Այնպես որ, անիմաստ է այստեղ փնտրել ժողովրդի թալան, կեղեքում, տարբեր ընկերություններ, բարեկամներ, չկա այդ ամենը, կան բացարձակապես օրինական, հրապարակային, երբեք չթաքցվող բիզնես միավորներ, որոնցում Քոչարյանի ընտանիքը որոշակի մասնակցություն ունի: Ինքն անձամբ որևէ ձեռնարկության մեջ չկա ու չի եղել, նա եղել է գործող նախագահ ու անթույլատրելի է դա համարել: Մյուս կողմից անհասկանալի է, թե ինչու Քոչարյանի կառավարման օրոք եղած տնտեսական բումից ու բիզնեսի աննախադեպ զարգացումից բոլորը կարող էին օգտվել, իսկ իր որդի բիզնեսմենը չէր կարող օգտվել»,-մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, այսօր փորձում են վրեժխնդիր լինել
- Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Sputnik Արմենիա»
- «Իրավաբանական աղբ է». Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին
- ՀՀ երկրորդ նախագահ. Ասել, թե իշխանությունները փորձ չունեն, շատ մեղմ է
- Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ չեն փախնում դժվարություններից. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան