Բրազիլիա. Լուլա դա Սիլվային թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին
Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանն արգելել է նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մասնակցել այս տարի կայանալիք ընտրություններին։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար թեկնածու չգրանցելու որոշումը կարելի է բողոքարկել, բայց մինչև նոր որոշում չկայացվի, դա Սիլվային արգելված է հեռուսատեսությամբ քարոզարշավ անցկացնել։
Եվրանյուզը գրում է, որ ընտրություններին մասնակցելու թույլտվություն չտալու համար հիմք է հանդիսացել կոռուպցայի հետ կապված գործը, որով քաղաքական գործիչը դատապարտվել է 12 տարի և 1 ամիս ազատազրկման։ Նա մեղադրվում է հանցավոր խումբ կազմակերպելու մեջ՝ նպատակ ունենալով յուրացնել Պետրոբրաս նավթագազային պետական ընկերության միջոցները: Դա Սիլվան որևէ մեղադրանք չի ընդունում։
Սոցհարցման համաձայն, նախկին նախագահը կարող էր դառնալ ընտրություններում հիմնական մրցակիցը։
Բրազիլիայում նախագահական, խորհրդարանական, նահանգապետերի ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 7-ին։
Նշենք, որ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան 2003 -2011 թթ. եղել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ։