Ճապոնական ընկերությունը ծրագրում է 2023 թվականին կոմերցիոն թռիչքներ սկսել դեպի տիեզերք
Ճապոնական PD AeroSpace ընկերությունը ներկայումս աշխատում է բազմակի օգտագործման տիեզերանավի ստեղծման ուղղությամբ, որը մարդկանց տիեզերք կհասցնի կոմերցիոն հիմունքներով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ընկերությունը մտադիր է տիեզերական տուրիզմի ծրագրի իրականացումը սկսել 2023 թվականին։
Տիեզերանավն ավելի շատ ինքնաթիռի տեսք է ունենալու, որը կարող է ուղևորներին հասցնել մինչև 110 կիլոմետր բարձրություն։ Տիեզերանավը կարող է տեղավորել 6 ուղևոր և երկու օդաչու։ Տոմսի արժեքը կկազմի մոտ 17 միլիոն իեն՝ 153 հազար դոլար։
Ներկայումս ընկերության ներկայացուցիչները փորձարկում են ապագա տիեզերանավի նախտիպը։ Մեկնարկային խնդիրն է բարձրանալ 100 կիլոմետր և բարեհաջող վերադառնալ։ Ուղևորները տիեզերքում երկար չեն մնա, սակայն կարող են 5 րոպե զգալ ձգողականության բացակայությունը և կողքից նայել մեր մոլորակին։ Ինքնաթիռի սկզբունքով աշխատող տիեզերանավի օգտագործումը ընկերության մասնագետների կարծիքով պետք է էապես կրճատի ծախսերը՝ համեմատած հրթիռի տիպի դասական տիեզերանավի հետ։ Ճապոնական ստարտափի ներդրողներից մեկը ANA Holdings-ն է, որի մեջ է մտնում Ճապոնիայի՝ մեծությամբ երկրորդ ավիաընկերությունը՝ All Nippon Airways-ը։