Apple- ի ինքնակառավարվող մեքենան առաջին անգամ վթարի է ենթարկվել
Կալիֆոռնիայի իշխանություններն առաջին անգամ հայտնել են Apple ընկերության ինքնակառավարվող համակարգով կառավարվող մեքենայի վթարի ենթարկվելու մասին։ Այդ տեղեկությունը հրապարակվել է նահանգի ավտոտրանսպորտային վարչության կայքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին։ Lexus մակնիշի ավտոմեքենան, որի միջոցով Apple-ը փորձարկում է իր ինքնակառավարվող համակարգը, պետք է փոխեր ճանապարհային ուղին, երբ նրան է բախվել Nissan Leaf-ը: Երկու մեքենաներն էլ վնասվել են, բայց տուժածներ չկան:
Ներկայացված տվյալների համաձայն՝ մինչ բախումը Apple-ի ավտոմեքենան ընթանալիս է եղել 1,5 կմ/ժ արագությամբ, իսկ Nissan Leaf-ը՝ մոտ 24 կմ/ժ։
Ըստ ԶԼՄ-ների՝ Apple-ը ինքնակառավարվող համակարգը փորձարկում է մոտ 50 մեքենայի վրա: