Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի զինծառայողների է պարգևատրել
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ պետական բարձր պարգևներով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, մի խումբ պետական և հասարակական գործիչներ, բարերարներ, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:
Իր ելույթում Նախագահը նշել է, որ այսօր Արցախը Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ միասին վստահ քայլերով ընթանում է ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով՝ ընդգծելով, որ այս բոլոր տարիների ընթացքում առաջին հերթին հուսալիորեն ապահովվել է պետության և ժողովրդի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, լուծվել են շատ ու շատ խնդիրներ պետական մարմինների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:
Խոսելով անելիքների մասին՝ Բակո Սահակյանը նշել է, որ ժամանակը ներկայացնում է նոր պահանջներ և կարևորագույն խնդիրներ՝ վստահություն հայտնելով, որ պետության կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք արդյունավետորեն լուծելու ուղղությամբ:
«Այդ վստահության հիմքում ընկած է մեր ժողովրդի անսասան կամքը, ցանկացած դժվարություն հաղթահարելու և իր ճակատագրի տերը լինելու պատրաստակամությունը»,- շեշտել է Նախագահ Սահակյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում