Ախալքալաք. Գյուղերի մուտքերը դիմավորում են աղբակույտով
Ախալքալաքի շրջանի գյուղեր այցելողներին առաջինը դիմավորում է աղբը: Աղբակույտերը դարձել են այսպես ասած մեր գյուղերի այցեքարտը: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում նշում են՝ առաջին իսկ հնարավորության դեպքում ճանապարհաեզրերին առկա աղբը կհեռացնեն, սակայն դրա համար բավարար միջոցներ չունեն: Այս մասին տեղեկացնում է jnews-ը։
Ըստ աղբյուրի, Աղբահանությունը Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերում լավագույն դեպքում տարին մեկ անգամ է իրականացվում: Ծայրամասային գյուղերն առավել անտեսվածներն են: Այստեղ բնակիչներն իրենց ուժերով են աղբահաություն իրականացնում՝ «սեփական տնից հեռու» սկզբունքով: Արդյունքում գյուղեր տանող ճանապարհները լի են կենղացային աղբակույտերով:
Ըստ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրենի խնդիրը բյուջեի սղությունն է:
«Մեր ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են: Գյուղական ճանապարհները աղբակույտերից ազատելու ծրագիր ներկայացրել ենք Քաղաքապետարան, բայց չեն ֆինանսավորելու, քանի որ շուտով ընտրություններ են և ըստ օրենքի արգելված է բյուջեում փոփոխություններ կատարել»,- jnews-ին ասել է Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
Վերջինս նաև նշել է , որ Ախալքալաքի շրջանի գյուղերում մոտավոր 4 700-5000 մ3 աղբ կա: Եվ աղբակույտերն ամբողջովին մաքրելու համար նախնական հաշվարկներով 86-90 000 լարի է անհրաժեշտ: