Նադալ. «Կարեն Խաչանովին մեծ ապագա է սպասվում»
Աշխարհի թիվ մեկ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն ԱՄՆ-ի Բաց առաջնության երրորդ շրջանում պայքարից դուրս է թողել Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովին: 4 ժամ, 23 րոպե տևած դժվարին պայքարում իսպանացին հաղթել է 5:7, 7:5, 7:6, 7:6 հաշվով: Անձնական խաղերի հաշվարկում 5:0 է` հօգուտ Նադալի, ով US Open-ի չորրորդ շրջանում կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլու հետ:
«Կարենը հիանալի խաղ անցկացրեց, պայքարեց մինչև վերջ, խաղաց ագրեսիվ և գեղեցիկ թենիս ցուցադրեց: Վստահ եմ, նրան մեծ ապագա է սպասվում: Խաչանովը երիտասարդ է, միշտ բարելավում է խաղը, հոյակապ թենիսիստ է: Նա դեռ շատ մրցանակներ կնվաճի: Հանդիպումը բարդ էր ֆիզիկական և հոգեբանական տեսանկյունից: Ուրախ եմ, որ կարողացա դուրս գալ հաջորդ փուլ»,- ասել է Նադալը:
«Կորտում մեծ աշխատանք կատարեցի, կարծում եմ, դա բոլորն էլ նկատեցին: Հպարտ եմ, որ կարողացա լավ խաղ ցուցադրել և պայքարել մինչև վերջ: Ռաֆան հիանալի մարտիկ է, հենց այդ պատճառով էլ նա համար առաջինն է: Այս խաղն ինձ փորձի տեսանկյունից շատ բան տվեց: Մի քանի օր անց կդիտեմ ու կվերլուծեմ սխալներս: Ես պատրաստ էի ֆիզիկապես և բարոյապես, և մրցավեճը կարող էր նաև այլ հաշիվ ունենալ»,- ասել է Խաչանովը: