Նոր Հայաստանում դպրոցը երեխային պիտի պատրաստի թռիչքի. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, ժամանել էր Սևան քաղաքի թիվ 3 դպրոց։ Նշենք, որ Սևանի թիվ 3 դպրոցն այս տարի ընդունել է 111 առաջին դասարանցի:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով դպրոցականներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ նշեց, որ այսօր նոր Հայաստանի սեպտեմբերի 1-ն է, և այս փոքրիկները նոր Հայաստանի առաջին 1-ին դասարանցիներն են:
«Այսօր այս դպրոց է այցելում 111 առաջին դասարանցի: Այսինքն՝ 5 հատ 1 եղավ էրեխեք, գոլդ համար եք բռնել»,-կատակեց վարչապետը և հավելեց. «Ի՞նչն է տարբերությունը, ինչը պետք է տարբերվի այս նոր իրավիճակում: Կարծում եմ՝ ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ նոր Հայաստանում կարևորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը: Այսինքն՝ ամեն աշակերտ ու ամեն ծնող պետք է ոչ թե գնահատականի հետևից գնա, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունը, ընդունակությունների զարգացումը: Նոր Հայաստանում ուսուցիչը պետք է իր առջև խնդիր դնի, որ երեխային ոչ թե ինչ-որ տվյալներ փոխանցի, այլ դպրոցը երեխային պիտի պատրաստի թռիչքի բառիս բուն իմաստով, քանի որ մենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի: Եկել են ժամանակներ, որ մենք պետք է կարողանանք թռչենք, հասնենք բարձր նպատակների, արդյունքների»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր Հայաստանում ուսումնական պրոցեսը պետք է ոչ թե տառապանք լինի, այլ՝ հաճույք:
«Այս դժվարին խնդրի համար պետք է կարողանանք համախմբել մեր ուժերը, ոչ միայն դպրոցը, ուսուցիչները, ծնողները, քաղաքական ուժերին, այլև ողջ հանրությունը, ժողովուրդը, պետությունն ու կառավարությունը: Նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր էջ և այդ նոր էջում մենք պետք է ապրենք հաճույքով, ազատ ու երջանիկ: Ուզում եմ հաջողություն մաղթել բոլորիս, երեխաներին հաջողություն մաղթել թռիչքի պատրաստվելու առաջին օրվա կապակցությամբ: Ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել թռիչքի նախապատրաստվելու մեր նոր ժամանակաշրջանում, որովհետև սա իսկապես նոր Հայաստան է, նոր իրավիճակ է և ես բոլորիդ աչքերի մեջ տեսնում եմ այդ նորության, ապագայի նկատմամբ վստահության զգացողությունը: Հավատացեք՝ այդ վստահությունը ոչ միայն չի պակասելու, այլ ամեն օրվա հետ ավելի ու ավելի հզորանալու է, քանի որ դուք մի ժողովուրդ եք, որ հաղթել է, սրանից հետո չի պարտվելու և միշտ լինելու է հաղթողի դերում: Շնորհավորում եմ հաղթական ժողովրդի հաղթական զավակներին, որոնք այսօր նոր էջ են բացում նոր Հայաստանում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին