Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է ստորագրել, ըստ որի, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Անդրանիկ Մանուկյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անդրանիկ Մանուկյանին հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անդրանիկ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառու էր կատարել՝ նշելով, որ որոշել է դադարեցնել իր դիվանագիտական առաքելությունը: «Այս որոշումն իմ մեջ վաղուց է հասունացել: Բացեմ փոքրիկ գաղտնիք՝ վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևանին՝ խնդրելով հետ կանչել ինձ: Վերջին անգամ դիմեցի այս տարվա մայիսին, սակայն ամեն անգամ մերժում էի ստանում՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանի իմ գործունեությունը շարունակելու խնդրանքով»,- գրել է նա: