Առաջարկում եմ ընդհանրապես չպայքարել գների իջեցման համար. Արծվիկ Մինասյան
Կիլոգրամով մաքսազերծումը անարդար մոտեցում էր, քանի որ այն նաև վնասում էր տեղական արտադրությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան կառավարության դիմաց ակցիա անող առևտրականների պահանջին:
Հիշեցնենք, որ նրանք կառավարությունից պահանջում էին վերանայել ներմուծվող ապրանքների մաքսազերծման գները:
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ՊԵԿ-ի հետ այժմ ակտիվ աշխատում են. «Քաղաքականությունը, որ մաքսազերծումը պետք է իրականացվի տեսակով պայմանավորված, այլ ոչ թե կիլոգրամով, առնվազն ենթադրում է, որ անձինք, որոնք ներմուծում են իրականացնում, իրենք պետք է զբաղվեն այդ գործով: ՊԵԿ-ը իրականացրել է նաև վարչական բարեփոխում, որի արդյունքում ստեղծել են երկու ստորաբաժանում, որոնք աջակցելու են քաղաքացիներին այդ ձևակերպումները տալու համար: Բայց սա նաև նշանակում է, որ մեր քաղաքացիները պետք է աստիճանաբար սովորեն, որ կիլոգրամով հագուստ չպետք է մաքսազերծվի, ժամանակի ընթացքում այդ մոտեցումը պետք է վերանա: Հակառակ դեպքում, Թուրքիայից կգ-ով մաքսազերծված տրիկոտաժը չնչին արժեք կունենա, այն դեպքում, երբ Հայաստանի ներսում համանման ապրանք արտադրելը դառնում է ավելի մեծ արժեք ունեցող: Այսինքն՝ դա անհավասար պայմաններ է ստեղծում և մենք հանդուրժում ենք նման վարքագիծը»:
Հարցին, թե արդյոք դա չի բերի գնաճի, նախարարը առաջարեց ընդհանրապես չպայքարել գների իջեցման համար: Նրա խոսքով՝ գները բարձրանալու հատկություն ունեն, խնդիրը նրանում է, որ պետք է գների բարձրացմանը համարժեք քաղաքականություն իրականացնել՝ զսպման և համարժեք փոխհատուցման սխեմաների միջոցով: Դա, ըստ նրա, վերաբերում է բոլոր ոլորտներում գներին՝ սկսած սակագներից, ավարտած ապրանքների գներով:
«Երբ խոսում ենք գների իջեցման մասին, ինձ մոտ ցանկություն է առաջանում ասելու՝ եթե այս ոլորտում գներն իջեցրել ենք, ինչո՞ւ մյուս ոլորտներում չենք իջեցնում: Այլ բան, որ համահարթեցում լինի և ճիշտ գնագոյացման համակարգ ստեղծվի: Ի վերջո, եթե այդ ապրանքի իրական գինը, որը ենթադրենք 10 դրամով ավելին պետք է լինի, դա մրցակցություն է մտցնում: Եթե իրական մրցակցություն լինի ներմուծվող և տեղում արտադրվող շուկայում, ապա համոզված եղեք, որ գների բարձրացում տեղի չի ունենա առնվազն տեսանելի ապագայում»,- նշեց Արծվիկ Մինասյանը: