«Կինոշոկում» կմրցեն նաև հայկական ֆիլմեր
Անապայում նախօրեին մեկնարկել է ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը։
Նյուզռու.քոմ կայքը գրում է, որ փառատոնն ունի հինգ մրցութային ծրագիր՝ լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, վավերագրական ֆիլմերի մրցույթ, «ՏՎ-շոկ» (խաղարկային հեռուստաֆիլմեր), մանկական ֆիլմերի մրցույթ («Киномалышок»)։
Լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական մրցութային ֆիլմերը գնահատվում են ժյուրիի կողմից, հեռուստատեսային մրցութային ֆիլմերը՝ հանդիսատեսի քվեարկությամբ, իսկ մանկական ֆիլմերը՝ մանկական ժյուրիի։ Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է շուրջ 70 ֆիլմ։ Փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագիր։
Փառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված է 10 ֆիլմ, այդ թվում նաև հայ ռեժիսորների՝ Մաքսիմ Հայրապետովի «Արմենն И Я», Անահիտ Աբադի «Եվա» (հայ-իրանական համատեղ արտադրություն)։
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժուրիի կազմում ընդգրկված է նաև հայ օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը։
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված է 23 ֆիլմ։ Այս մրցույթում ցուցադրվելու է Գուժ Թադևոսյանի «Մեկ օր» (Հայաստան-Ռուսաստան) ֆիլմը։
Վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված է 14 ֆիլմ։ Հայ ռեժիսոր Վահագն Խաչատրյանի 21 րոպեանոց «Լուսինը, արևը և հրացանակիրները» ֆիլմը նույնպես ընդգրկված է այս մրցույթում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան