Վիգեն Սարգսյան․ Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանն արձագանքել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հայտարարությանը։
Հիշեցնենք, վերջինը երեկ ասել էր. ««Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է»։
Ֆեյբուքյան իր էջում Վիգեն Սարգսյանի պատասխանը բավական կոպիտ է, անձնական գնահատականներով:
Մեջբերում ենք, բայց թողնելով խիստ անձնական մասերը:
«....Երկրի և քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ և հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ և հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է: Կան շատ մարդիկ, ովքեր ուզում են հավատալ Նիկոլ Փաշինյանին, բայց մեծ սխալ են համարում նրա կողմից քո առաջադրումը: Նրանցից շատերը, կարող է համարեն, որ դու չունես բավարար փորձ և գիտելիք` մայրաքաղաք կառավարելու համար: Շատերի համար էլ կարող է ավելի համոզիչ լինեն այլ թեքնածուների նախընտրական ծրագրերը: Ոմանք կբարդույթավորվեն ձայն տալ բիգուդիավոր տղամարդու: Դա դեռ ոչ մեկին սև չի դարձնում: Կան նաև մարդիկ, շատ ազնիվ մարդիկ, որ բացարձակ չեն կիսում Նիկոլ Փաշինյանին ապագայի տեսլականը և հատկապես նրա կադրային քաղաքականության նկատմամբ լուրջ վերապահումներ ունեն, և դա ևս նրանց սև չի դարձնում: Դա է ժողովրդավարական հասարակության էությունն ու ընտրությունների բուն իմաստը:
Ուստի, քո ասածը լրջագույն խնդիր է նաև մեր երկրում ժողովրդավարական արժեքների տարածման, ինստիտուտների ամրապնդման, ազատ ընտրությունների անցկացման տեսակետից: Քո վարքագիծը վիրավորական է ոչ միայն ընտրարշավին մասնակցող մեկ տասնյակից ավել մրցակիցներիդ համար, այլև ողջ հասարակության, այդ թվում նրանց, ով այս կամ այն պատճառով մտադիր էր քվեարկել քո օգտին: Հասկանալի է, որ անճաշակ և անբան սերիալներումդ, որոնցով արդեն մեծ վնաս ես հասցրել բազմաթիվ հայ երեխաների, որոնց այդ հումորը սկսում է ծիծաղելի թվալ, սովորել ես մոնտաժի: Հանրային քաղաքականության մեջ խոսքիդ համար պետք է սովոորես պատասխան տալ, և իմանաս, որ թուլության նշան է հանրայնորեն արտահայտած խոսքդ թաքցնելու խղճուկ փորձը: Իզուր էիր մոնտաժում` ասել ես այն, ինչին հավատում ես: Անկեղծ կարծում ես, որ քեզ չընտրողը` սև է:....»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան