Ճապոնիայի արտգործնախարարի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ նախագահի աշխտակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ անցյալ տարի նշվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ առիթ է ամփոփելու քառորդդարյա համագործակցությունն ու նախանշելու երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության խորացման ուղղություններն ու հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են նաև այն ոլորտներին, որոնք ունեն փոխշահավետ համագործակցության ակտիվացման մեծ ներուժ և կարող են հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը:
Նրանք մասնավորապես կարևորել են գործակցությունը բանկային համակարգում, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, մշակութային փոխանակումների, գիտական և կրթական ոլորտներում ծրագրերի իրականացումը:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի ԱԳ նախարար. Ճապոնիան որոշել է թեթևացնել վիզայի պայմանները ՀՀ քաղաքացիների համար
- Հայաստան կայցելի Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կանոն