«Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը կօգնի 375,000 ռոհինջա փախստականների
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հանրությանը ներկայացրել է, թե 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի ընտրած երեք միջազգային կազմակերպություններն ինչպես են նախատեսում օգտագործել «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի դրամաշնորհը։ Այս ձեռնարկումից շահելու է 375,000 ռոհինջա փախստական։
Հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ մյանմացի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, որն իր ծավալած խաղաղ գործունեության պատճառով բազմիցս ենթարկվել է բանտարկության, մրցանակի կողմից ճանաչման է արժանացել այն նվիրումի համար, որով նա պայքարել է հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի իրավահավասարության, կրթության եւ մարդու իրավունքների վերականգնման։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կողմից 750 թեկնածուների շարքից ընտրված դափնեկիրն իր հերթին գլխավոր մրցանակի է առաջադրել երեք կազմակերպությունների («Բժիշկներ առանց սահմանների», MERCY Մալայզիա և Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով), որոնք Հարավարեւելյան Ասիայով մեկ բժշկական օգնություն եւ օժանդակությունն են տրամադրում ռոհինջա փախստականներին։
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը «Ավրորա» մրցանակի տրամադրած միջոցներն ուղղում է Բանգլադեշի Բալուքալի բնակավայրին մերձ վրանային ավանում շտապօգնության վիճակը բարելավելու համար։ Կազմակերպության տվյալներով՝ այս նախաձեռնությունից կշահի մոտ 250,000 ռոհինջա փախստական։
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բրիտանական մասնաճյուղի գործադիր տնօրեն Վիքի Հոուքինսն ասել է. «Ես երախտապարտ եմ պարոն Չո Լա Աունին Բանգլադեշում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատանքներն «Ավրորա» մրցանակի առաջադրելու համար՝ նախանշելով դրանք իբրեւ 2018թ. «Ավրորա» մրցանակի առատաձեռն ֆինանսավորումն ստանալու արժանի ոլորտներ։
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը մեծապես ընդլայնել է իր մասնակցությունը երկրում՝ ի պատասխան Քոքս Բազարում ծավալվող հումանիտար ճգնաժամի, երբ հարյուր հազարավոր ռոհինջա փախստականներ փրկության հույսով լքել են Մյանման եւ այժմ ապրում են վտանգավոր պայմաններում։
Ավելի քան 2,000 աշխատակից ունեցող մեր թիմն աշխատեցնում է 10 բուժկետ, չորս առաջնային առողջապահական կենտրոն (շուրջօրյա) եւ հինգ ստացիոնար բժշկական հաստատություն (շուրջօրյա երկրորդային բուժօգնությամբ)։ Այս օժանդակությունը կազմակերպությունն ստացել է ճիշտ ժամանակին, քանի որ մոտենում է մուսոնային սեզոնը, իսկ դրան զուգահեռ՝ փախստականների ճամբարներում ահագնանում է ավերիչ ջրհեղեղների եւ սողանքների հավանականությունը»։
Թե ինչպես է օգտագործվելու «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը Մյանմայի Ռաքայն նահանգում ռոհինջա փախստականների կյանքում դրական փոփոխություն մտցնելու համար՝ առավել մանրամասն այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը հայտարարվում է բացված
- «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի պարգևի են առաջադրվել երեք նվիրյալներ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում