Տնտեսությունը և ժամանակակից աշխարհը պահանջում են նոր մոտեցումներ. նախարարը՝ Քոչարյանի քննադատության մասին
Առհասարակ տնտեսական քաղաքականություն չի կարող չլինել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որով մեղադրում է ներկայիս կառավարությանը տնտեսական քաղաքականություն չունենալու մեջ:
«Իհարկե, տնտեսական քաղաքականություն կա, այլ բան, որ մենք խոսում ենք դրա ընդլայնման և առավել միասնականացման մասին, ինչի աշխատանքները ներկայումս իրականացվում են: Առաջիկայում բոլորը կտեսնեն դրա հստակ ուղղությունները»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Գալ նշանակում է իրականացնել քաղաքական գործունեություն և մասնակցել ընտրություններին: Ես, համենայնդեպս, ՀՀ սահմանադրության կարևոր պաշտպաններից մեկն եմ և համարում եմ, որ ցանկացած անձ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, քանի դեռ օրենքով սահմանափակված չէ իր այդ իրավունքը»:
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ ՀՅԴ-ն կհամագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ, Արծվիկ Մինասյանը կոչ արեց այդ հարցն ուղղել ԳՄ մարմնին կամ բյուրոյին. «Ես չեմ ուզում, որ այսօրվա տնտեսական քաղաքականության ասուլիսին խոսվի քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ տեսակետների մասին»:
Միաժամանակ նա նշեց, որ կարող է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիների վերաբերյալ տալ իր գնահատականը. «Այո, այն ժամանակ մենք ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչու ոչ, դա պայմանավորված է եղել նաև արդյունավետ կառավարմամբ, բայց մենք ունեցել ենք վերականգնողական ժամանակաշրջան, որը սպառվել է, և տնտեսական քաղաքականության ամբողջ համակարգի վերափոխման կարևորություն կա: Մենք չպետք է մոռանանք, որ մեր տնտեսությունը և ժամանակակից աշխարհը պահանջում են նոր մոտեցումներ, տնտեսական քաղաքականության նոր շեշտադրումներ, նոր մոտիվացիաներ: Եւ համեմատել մեր տնտեսությունն այժմ և 2000-ականների սկզբին, բացարձակ տեղին չէ»: