2018թ-ի առաջին կիսամյակում վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել. նախարար
2018 թվականի առաջին վեց ամիսներին, վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ տնտեսական աճը նշված ամիսներին կազմել է 8.3 տոկոս: «Վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ այդ աճին ամենաշատը նպաստող հիմնական բլոկը առևտրի և ծառայությունների ոլորտն է՝ 5.3 տոկոս, շինարարությունն աճել է 8.9 տոկոս, բայց տնտեսական աճի վրա ազդել է 0.5 տոկոսով, արդյունաբերությունը նպաստել է 1.4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը՝ 0.5 տոկոսային կետով»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է հունվար-հուլիսի տվյալներին, ապա այս տարվա յոթ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.3 տոկոս, ընդ որում, արդյունաբերությունն աճել է 4.3 տոկոսով, գոյւղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4.6 տոկոսով, շինարարությունը՝ 10.4 տոկոսով, առևտրի շրջանառության ծավալը՝ 8.9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 18.7 տոկոսով:
Անդրադառնալով արտահանման ցուցանիշներին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է: «Սա նշանակում է, որ արդյունաբերությունում ունենք ցուցանիշ, որը ցույց է տալիս արտահանման քաղաքականության միտվածությունը: Հատկանշական է, որ այս տոկոսն ավելի մեծ կլիներ, եթե հանքարդյունաբերության մասով չունենայինք անկում, իսկ անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է շուրջ 11.8 տոկոս կամ թվային տվյալներով՝ 20 մլրդ դրամ: Ընդ որում, հանքագործական արդյունաբերության, բաց հանքերի շահագործման և նաև մետաղական հանքաքարի արդյունահանման մասով 95-98 տոկոսը արտահանվում է: Սա նշանակում է, որ ցանկացած նվազեցում միանգամից ազդում է արտահանման ծավալների վրա»,- ընդգծեց նախարարը:
Ինչ վերաբերում է խմիչքներին, Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ արտահանվում է Հայաստանում արտադրված խմիչքների շուրջ 60 տոկոսը, ծխախոտի արտադրության 72 տոկոսը, հագուստի արտադրության 75 տոկոսը, դեղագործական արտադրանքի շուրջ 56 տոկոսը:
Նախարարի խոսքով՝ արտահանման կառուցվածքում մեկ այլ վերլուծություն ցույց է տալիս, որ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման մասով դեռևս փոքր ցուցանիշ ունենք՝ 2,2 տոկոսի շրջանակում:
Ներկայացնելով արտաքին առևտրի ցուցանիշները՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում կազմել է 4 մլրդ 89 մլն դոլար: «Արտաքին առևտրի հաշվեկշիռը կազմել է -1 մլրդ 363 մլն: Արտահանման գծով առաջին տեղում Ռուսաստանն է՝ շուրջ 25 տոկոս, Շվեյցարիան՝ 14 տոկոս, Բուլղարիան՝ 10.5 տոկոս, Գերմանիան՝ 6.8, Իրաքը՝ 5.3 տոկոս», - նշեց նախարարը:
Ներմուծման մասով ևս առաջին տեղում Ռուսաստանն է՝ 28.6 տոկոս, Չինաստանը՝ 7.3, Վրաստանը՝ 7.2, Գերմանիան՝ 5.5 և Իրանը՝ 4.7 տոկոս։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում