Բաբլոյան. Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու Սիրիայի վերականգնողական աշխատանքներին
Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու բարեկամ Սիրիայի վերականգնողական աշխատանքներին: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմիի հետ հանդիպմանը։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներ Սիրիայի հետ, մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:
Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դեսպանի նախաձեռնություններին՝ ի նպաստ համագործակցության զարգացման և խորացման:
Արա Բաբլոյանը կարևորել է նաև միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, խորհրդարանականների շփումների ու փոխայցերի ակտիվացումը: Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքների և միջոցառումների համար:
Խոսելով երկու երկրների ներքաղաքական իրավիճակից՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ շուտով խաղաղություն, ներքաղաքական կայունություն և հասարակական համերաշխություն կհաստատվի Սիրիայում:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը զարգացնելու Սիրիա-Հայաստան հարաբերությունները բոլոր բնագավառներում:
Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ դեռևս չօգտագործված ներուժ կա տնտեսական ոլորտում:
Սիրիա-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է և մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում:
Անդրադառնալով Սիրիայի և Հայաստանի դարերի խորքից եկող հարաբերություններին ու պատմական ընդհանրություններին՝ դեսպանն ասել է. «Այն, ինչ տեսավ Սիրիայի ժողովուրդն այս տարիներին, նման է այն ամենին, ինչ տեսան հայերն Արևմտյան Հայաստանում»: