«Ձեռքներս ծալած նստած չենք». ռեկտորը՝ Փաշինյանի դիտարկումների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այսօր Հայաստանի բուհական համակարգն ամբողջովին կտրված է իրականությունից։
ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը նշել էր, որ «ուսանողները դիպլոմ են ստանում, որով իրական կյանք են դուրս գալիս և պարզվում է, որ այն չի ընդունվում իրական միջավայրում, որովհետև տնտեսության, նույնիսկ պետական կառավարման ճյուղերը նրանց աշխատանքի ընդունելու համար վերապատրաստման որոշակի կուրս են պահանջում»։
Թե որքանո՞վ են կիսում վարչապետի մտահոգությունները բուհում, Panorama.am-ը զրուցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ։
Ռեկտորի խոսքով՝ նման խնդիր առկա է, բայց այնպես չէ, որ փորձ չի արվում դա վերացնելու համար։
«Ձեռքներս ծալած նստած չենք։ Մենք տարիներ շարունակ փորձում ենք բուհ և գործատու կապել իրար, ճշտել գործատուի պահանջները, դրանք բերել բուհ, որպեսզի ուսանողն ավարտելուց հետո տեսական գիտելիքներից զատ՝ նաև ունենա որոշակի պրակտիկ գիտելիքներ։ Այս պահին ասենք, որ գոհ ենք արդյունքներից, չէ։ Գործատուների հետ գտնվում ենք համաձայնագրային կապի մեջ, որ իրենց տրամադրեն պրակտիկ դասախոսներ, ովքեր կաշխատեն ուսանողների հետ, ինչպես նաև ուսանողներին կուղարկենք պրակտիկայի հենց այն աշխատատեղեր, որտեղ մասնագիտական պահանջ կա»,- ներկայացրեց ռեկտորը։
Հարցին, թե գործատուների կողմից արձագանքն ինչպիսի՞ն է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս հարցում պետք է շահագրգռված լինի նաև գործատուն։ Խոշոր գործատուները, որոնք տնտեսագիտական կադրերի կարիք ունեն, օրինակ՝ մաքսային, հարկային համակարգի ներկայացուցիչները, ինչպես նաև մասնավոր հատվածի գործատուները, պետք է ակտիվացնան, միայն բուհն ինքնուրույն այդ խնդիրը չի կարող լուծել։ Վերջապես գործատուն պետք է պահանջը թելադրի, թե ինչ մասնագետ է պետք»։
Աթոյանը նշեց, որ այս տեսանկյունից ՀՊՏՀ-ն արդեն փորձի լավագույն օրինակ ունի առևտրային բանկերի հետ։
«Առևտրային բանկերն ակտիվացել են, իրենք էլ են զգում, որ ավարտելուց հետո իրենց մոտ աշխատանքի անցնելու համար ուսանողից լրացուցիչ ժամանակ է պահանջվում, ինչը խնդիր է նաև իրենց համար։ Հիմա բանկերը մեզ հետ շատ ավելի ակտիվ են համագործակցում, բանկերից գալիս են բուհ, հատուկ դասախոսություններ են կարդում, իրենց մոտ ևս ստեղծված են հատուկ սենյակներ, որտեղ ուսանողները գնում պրակտիկ դասեր են անցնում»,- մանրամասնեց ռեկտորը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն դիտարկմանը, թե գիտությունը տնտեսությունից կտրված է, նա նշեց, որ տնտեսությունը պետք է գիտությանը պատվիրատու լինի, ինքնանպատակ գիտություն ու հետազոտություն չպետք է լինի։
«ՀՊՏՀ-ի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքները հենց այդ կապն ամրապնդելու ուղղությամբ են, կատարվող հետազոտությունները վերաբերում են թե գյուղատնտեսությանը, թե արդյունաբերությանը»,- ասաց Կորյուն Աթոյանը՝ ևս մեկ անգամ շեշտոլով, որ խնդիրներից տեղյակ են և լուծումներ փորձում են գտնել։
Նշենք, որ նշված խնդրիներից բացի, այս տարի բուհերը նաև ևս մեկ խնդրի առաջ են կանգնել՝ ֆակուլտետներում մրցակցություն չկա։ Օրինակ այս տարի ՀՊՏՀ-ի վեց ֆակուլտետներից ոչ մեկում մրցակցություն չի եղել։ Ամենաշատ դիմում-հայտ ներկայացվել էր «Ֆինանսական» ֆակուլտետի համար՝ 110 դիմում, սակայն տվյալ ֆակուլտետն ունի 200 տեղ, որից 12-ն՝ անվճար։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերի
- Մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին. վարչապետ
- ՀՊՏՀ-ում այս տարի մրցակցություն չկա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները