Մեղադրանք է առաջադրվել 5 պահաբաժինների անտառապահներին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեղի ունեցած առերևույթ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 5 անտառապահի:
ՔԿ-ից հայտնում են, որ վերջիններս ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:
Բացի այդ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, պարտավոր լինելով կանխել բոլոր տեսակի օրինազանցություններն իրենց ամրակցված պահաբաժինների տարածքում, առանց համապատասխան ստուգումներ իրականացնելու՝ ստորագրել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրություններ, որոնց համաձայն` պահաբաժիններում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 2, 5, 9 պահաբաժինների անտառապահներ Ռ.Կոխլիկյանին, Ա.Մարտիրոսյանին և Ս.Մելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, իսկ թիվ 1 և 8 պահաբաժինների անտառապահներ Ա.Մարտիրոսյանին և Ա.Սարուխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1 և 2-րդ մասերով:
Այսպիսով՝ նշված քրեական գործի շրջանակներում, սեպտեմբերի 3-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 22 անձի։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին