U2-ի մենակատար Բոնոյի ձայնը համերգի ժամանակ կտրվել է
Իռլանդական U2 խումբը որոշել է չեղյալ համարել Բեռլինի համերգը, երբ մենակատար Բոնոյի ձայնը կտրվել է։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Բեռլինում՝ Mercedes-Benz Arena մարզադաշտում՝ Experience + Innocence համաշխարհային շրջագայության շրջանակներում կայացած համերգի ժամանակ։
«Ցավում ենք, որ ստիպված էինք չեղյալ համարել համերգը։ Մինչև շոուն Բոնոյի ձայնը գերազանց վիճակում էր, անհամբեր սպասում էինք Բեռլինում երկրորդ գիշերվան, սակայն մի քանի երգից հետո, նա ամբողջովին կորցրեց ձայնը»,- ասված է խմբի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Համերգը պետք է տևեր երկու ժամ, սակայն երաժիշտներն ընդամենը երեք երգ են կատարել։ Չորրորդի՝ Red Flag Day-ի ժամանակ Բոնոյի ձայնը սկսել է կտրվել։ Հաջորդ՝ Beautiful Day երգը նա արդեն չի կարողացել ավարտել։ Երաժիշտը ներողություն է խնդրել երկրպագուներից։
«Ես կարծում եմ՝ չարժե շարունակել։ Դա սխալ է ձեր նկատմամբ»,- ասել է Բոնոն։ Նա 9 րոպեանոց ընդմիջում է հայտարարել, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվել, սակայն այդպես էլ չի վերադարձել բեմ։