Սուրեն Պապիկյանը լոռեցիներին հորդորել է անասունների թիվը եռապատկել
Լոռու մարզի Քարինջ և Ահնիձոր համայնքների բնակիչների հետ հանդիպմանը պատասխանելով գյուղերում երիտասարդների զբաղվածությանը վերաբերող հարցերին՝ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կոչ է արել համայնքների բնակիչներին աշխատանքի հնարավորություն փնտրելիս հայացքն ուղղել դեպի գյուղատնտեսության տարբեր բնագավառներ՝ հողագործություն, անասնապահություն, իսկ անասնագլխաքանակին ծանոթանալով նախարարը հորդորել է այդ թիվն առնվազն եռապատկել։
«Փաստ է, որ մեր հանրապետության սննդի պաշարների ու տարբեր հարցեր հոգալու համար մեզ պետք է նաև արտադրող գյուղ, այսինքն գյումթերք արտադրող մարդիկ։ Ի՞նչ է գյուղատնտեսությունը, եթե ոչ աշխատանք։ Նույն անասնապահությունը, հող մշակելը, նույնպես աշխատանք է։ Բայց սա կարելի է հարստացնել ու նաև նոր մշակույթ ներմուծել, իսկ բնությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է»,-ասել է նախարարը։
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մարզի տարբեր համայնքներում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, զբոսաշրջությանը, ճանապարհային և էներգետիկ հիմնախնդիրներին, արտագաղթին, աղբահանությանը վերաբերող մի շարք հարցեր:
Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ համայնքների խոշորացման գործընթացը քննարկելիս նախարարն ընդգծել է, որ փոքր համայնքներում միջոցների սղության պայմաններում լուծումը խոշորացումն է, ինչի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել դրանց եկամուտների ճիշտ ուղղորդումն ու արդյունավետ կառավարումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքներում անմշակ հողատարածությունների ու խոտհարքների խնդրին։
Նախարարն իր մտահոգություններն է հայտնել դրա կապակցությամբ և կարևորել հացահատիկային կուլտուրայի դաշտեր ունենալու և համայնքներն անհրաժեշտ գյուղտեխնիկայով հագեցնելու անհրաժեշտությունը։