Սարգիս Մուրադյանի դիմանկարներից մեկը ներկայացվելու է «Բոնհամզ» աճուրդում
ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի հեղինակած դիմանկարներից մեկը ներկայացվելու է Լոնդոնի «Բոնհամզ»-ի («Bonhams» ) աճուրդում։
Panorama.am-ը հետաքրքրվեց նկարչի դուստր, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանից, թե ինչո՞ւ հենց այդ նկարն է ուղարկվել Լոնդոն, ինչո՞ւ է ընտրվել «Բոնհամզ» աճուրդային տունը, որքա՞ն է գնահատվել կտավը։
Զ. Մուրադյանն ասաց, որ «Բոնհամզ»-ը Christie's և Sotheby's աճուրդային տներից հետ երրորդն է իր մեծությամբ և ազդեցությամբ։
«Աճուրդային տան աշխատակիցները մարտին եկել էին Հայաստան։ Ես հանդիպեցի նրանց հետ, ցույց տվեցի հայրիկիս արվեստը, որոշեցինք աշնանը նորից անդրադառնալ։ Ես շատ շահագրգռված եմ, որ հայրիկիս արվեստը դուրս գա միջազգային շուկա, քանի որ ինքս նկարիչ լինելով՝ հասկանում եմ իր պրոֆեսիոնալիզմը, նկարչական մակարդակը։ Իրենք էլ շատ զարմացած էին։ Ընդհանրապես, հայկական արվեստն իրենց շատ էր դուր եկել»,- նշեց նա։
Զ.Մուրադյանը նկարչի կտավներից տարբեր լուսանկարներ է ուղարկել աճուրդային տան մասնագետներին, քննարկել են տարբեր տարբերակներ, թե որ աշխատանքը ներկայացվի աճուրդում։
«Ես ուղարկել էի դիմանկարներ, պեյզաժներ, կոմպոզիցիոն աշխատանքներ։ Չգիտեմ ինչու՝ այդ դիմանկարն ընտրեցին։ Մի քիչ զարմացած եմ, գիտեմ, որ դիմանկարը դժվար է վաճառվում։ Կարծում եմ՝ ինչ որ չափանիշներ ունեն, հաճախորդներ, ովքեր հենց դիմանկար են ընտրում»,- ասաց նկարչի դուստրը։
Դիմանկարն արված է 1969 թվականին։ Հայտնի չէ, թե ով է պատկերված։
Նկարը դեռ չի գնահատվել։ Զ. Մուրադյանն ասաց, որ աճուրդային տան մասնագետները պետք է ուսումնասիրեն, տպեն կատալոգներում, ուղարկեն իրենց հաճախորդներին։
«Նկարն արդեն ուղակել եմ Լոնդոն։ Աճուրդը կայանալու է նոյեմբերի վերջին։ Հնարավոր է չվաճառվի այս անգամ, բայց պայմանագրում նշված է, որ եթե չվաճառվի, կպահեն և կներկայացնեն հաջորդ աճուրդներում։ Վեց ամիսը մեկ աճուրդ են անում»,- տեղեկացրեց նա։
Հարցին, թե ինչպե՞ս «բաժանվեցիք» նկարից, քանի որ լինելով ընտանեկան հավաքածուից, մշտապես ձեր աչքի առաջ է եղել, Զ. Մուրադյանն ասաց. «Հույսով, որ մի լավ բան կլինի»։
Նա կարծում եմ, որ սա մի քայլ կլինի Ս. Մուրադյանի արվեստը միջազգային շուկայում հայտնվելու ճանապարհին։ Զ. Մուրադյանի խոսքով, որպեսզի նկարիչը չմոռացվի, պետք է անընդհատ ցուցադրվի։
«Սովետական միության տարիներին տարբեր երկրներում շատ ցուցահանդեսների է մասնակցել Սարգիս Մուրադյանը։ Վերջին տարիներին Հայաստանը մի քիչ մեկուսացած երկիր է։ Նկարչի աշխատանքները պետք է ցուցադրվեն, կախվեն ցուցասրահներում, ցուցասրահներում մարդիկ լինեն, որպեսզի տեսնեն, հիշեն, ճանաչեն»,- նշեց Սարգիս Մուրադյանի նկարչուհի դուստրը։
Լուսանկարը՝ Զ.Մուրադյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան