Անվստահություն են հայտնում մշակույթի նախարարի հրամանով ձևավորված Հանձնախմբի աշխատանքներին
Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիան անվստահություն է հայտնում մշակույթի նախարար Լ․ Մակունցի հրամանով ձևավորված Ֆիլմերի ֆինանսավորման Պետական Հանձնախմբի աշխատանքներին՝ հղում անելով հանձնախմբի ձևավորման, գործունեության և մրցույթի անկացման ընթացքում Կանոնակարգի բազմաթիվ խախտումների առկայությանը։ Հայտարարությունը ընդունվել է ՖԱՀՖ բոլոր անդամների կողմից։
Տարածած հայտարարության մեջ ֆեդերացիան մասնավորապես նշում է.
«Բազմաթիվ հետաձգումներից, հանձնախմբի աշխատանքներին չմասնակցելու որոշումներից, հաստատված կազմի անդամների ինքնաբացարկներից և վերանշակումներից հետո, վերջապես հրապարակվել է ՀՀ մշակույթի նախարար Լ․ Մակունցի «Ֆիլմի նախագծերի Մրցույթների անցկացման և ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» հրամանով ստեղծված պետական հանձնաժողովի կազմը։
Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայացուցիչները, հնարավորությունների սահմաններում հետևել են մրցույթի կազմակերպման ընթացքին և խորը մտահոգությամբ արձանագրում են, որ մրցույթը չի համապատասխանում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացների ոգուն, չի արտահայտում կինոյի կառավարման բարեփոխումների պահանջները և հակասություններ ունի մրցույթի անցկացման կանոնակարգի դրույթների հետ։
Կանոնակարգով հաստատված հանձնախմբի 7 անձի փոխարեն 6 մասնագետներից կազմված այս հանձնաժողովը կոտրել է մասնագիտական կինոհանձնախմբի մասին հայտնի բոլոր պատկերացումները։ Հանձնախմբում ընդգրկվել են ֆիլմարտադրության հետ գործնականում կապ չունեցող ՀՀ մշակույթի նախարարության երկու աշխատակիցներ, և վերոնշյալ երկու նախաձեռնությունների կողմից առաջադրված ռեժիսորներ և պրոդյուսերներ, որոնց կենսագրությունը, ֆիլմոգրաֆիան՝ հիմնականում կարճամետրաժ, հեռուստատեսային և ոչ խաղարկային ֆիլմերը, այդ ֆիլմերի հաջողությունները միջազգային կինոփառատոներում կամ կինոշուկաներում, հիմքեր չեն տալիս փաստելու, որ նրանք համապատասխանում են Պետական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու չափորոշիչներին։
Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիան դիմում է մրցույթի մասնակից կինոգործիչներին, լրագրողներին, կինոյի խնդիրներով մտահոգ բոլոր մարդկանց․ եթե տեղեկացված եք Հանձնաժողովի անդամների մասնագիտական հաջողություններին, եթե ձեր ձեռքի տակ կան փաստեր, որոնք կարող են համալրել արդեն իսկ առկա խախտումների ցանկը, խնդրում ենք այդ տեղեկությունները ուղարկել Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջին, կամ ֆեդերացիայի անդամների անձնական էջերին։
Ֆեդերացիան ամփոփելու է մրցույթի ընթացքն ու արդյունքները՝ մշակույթի նախարար Լ․ Մակունցից պարզաբանումներ պահանջելու, և բավարար հիմքերի առկայության դեպքում՝ մրցույթի լեգիտիմությունը բողոքարկելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին