Գեորգի Ավետիսյան. Իրացման ցանցից դուրս են բերվելու չգրանցված թունաքիմիկատները
Ներկայում բոլոր մարզերում իրականացվում են ստուգումներ թունաքիմիկատների իրացման մի շարք կետերում, իսկ թողարկման հիման վրա կիրականացվի նաև դիտարկում բոլոր այն իրացման կետերում, որոնք գրանցված են ԵԱՏՄ տնտեսվարող սուբյեկտների բազայում։ Այս մասին հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով «Սուր Անկյուն» հաղորդաշարի՝ թունաքիմիկատների շուկայում առկա հիմնախնդիրներին վերաբերյալ հրապարակմանը։
«Միայն 2018 թ․-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվել են 273 առևտրային անվանմամբ պեստիցիդներ՝ Չինաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Շվեցարիայից, Մեքսիկայից և մի շարք այլ երկրներից։ Ընթացիկ տարում պետական գրանցման է ենթարկվել 68 նոր առևտրային անվանմամբ պեստիցիդ։ Հենց այս պահին ևս մեկ ապրանքային անվանում գտնվում է գրանցման փուլում, իսկ ներմուծված խմբաքանակը՝ մաքսային պահեստներում»,-մանրամասնել է Ավետիսյանը։
Նրա խոսքով, իրացման ցանցից հետևողականորեն դուրս են բերվելու չգրանցված թունաքիմիկատները, որոնք ՀՀ տարածք ներմուծվել են ապօրինի ճանապարհով, և ապօրինի ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվելու համապատասխան մարմիններին։
«Իհարկե, բոլոր խնդիրները մեկ օրում չեն լուծվի, բայց ունենալու ենք լուծումների աննախադեպ արագություն»,-նշել է նա։