Իմ մտավախությունը գտնվում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության տիրույթում. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը: Հիշեցնենք, որ սրանք քննարկվելու են սեպտեմբերի 6-ին կառավարության առաջարկով գումարվող ԱԺ արտահերթ նիստում։
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով, կառավարության հաստատած ծրագիրը հստակ նախատեսում է գործողությունների մի ամբողջություն, որն ուղղված է լինելու քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցության գործադրման բացառումն ընտրական գործընթացների ժամանակ։
«Նախագծերի այս փաթեթով առաջարկում ենք նախ որոշ իրավախախտումներ, որոնք տեղ են գտել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, դարձնել հանցագործություններ՝ հաշվի առնելով նրանց հանրային վտանգավորության աստիճանը։ Մի շարք հանցագործությունների համար պատիժները խստացնել և մի շարք հանցագործություններ, հաշվի առնելով նրանց հանրային վտանգավորության աստիճանը, դարձնել ծանր հանցագործություններ։ Մի շարք արարքներ էլ ապաքրեականացնել, որոնք հանրային վտանգավորության աստիճան չեն ներկայացնում, ինչպես նաև խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը»,- նշեց փոխնախարարը։
Հովհաննիսյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է, օրինակ՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն կամ կրկնաքվեարկությանը, որն այսօր դիտվում է որպես քրեորեն պատժելի արարք. «Այսօր քրեական օրենսգրքով եթե այլ անձի փոխարեն քվեարկեն կամ կրկնակի քվեարկեն, դա դիտարկվում է որպես միջին ծանրության հանցանք, և սուտ մատնությունը չի կարող ավելի մեծ վտանգավորության աստիճան ունենալ, քան նույն քրեական օրենսգրքով սուտ մատնության համար նապատեսված սանկցիաները»։
Ինչ վերաբերում է ընտրակաշառք տալու մասին հոդվածին, փոխնախարարն ասաց, որ բացակայում էր այնպիսի որակյալ կողմ, ինչպիսին է կազմակերպված խմբի կողմից նման արարք կատարելը կամ այդ արարքը մեկից ավելի անձանց նկատմամբ կատարելը։
«Առաջարկվում է նաև, որ ընտրակաշառքի միջնորդության գործը ևս Հատուկ քննչական ծառայությունը քննի»,- հավելեց Արթուր Հովհաննիսյանը։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մեկ մտահոգություն բարձրացրեց. «Ենթադրենք ընտրակեղծարարը, որևէ գյուղում տան դուռ է թակում ինչ-որ տատիկի ասում է՝ մեզ ընտրես, քեզ գումար կտանք, տատիկն ասում է լավ ու դուռը փակում է։ Հիմա տատիկին դատապարտելու՞ ենք 1-3 տարի ազատազրկման՝ լավ ասելու համար։ Իմ մտահոգությունն այն է, որ հստակություն ունենանք՝ ինչ է նշանակում ընդունել՝ ժպտաց, ասաց՝ լավ, այո»։
Նա հիշեցրեց, որ եղել են դեպքեր, երբ ԱԺ ամբիոնից կոչեր էին հնչեցվում՝ «երբ ընտրակաշառք են առաջարկում, բոլորին ասեք այո, բայց ընտրեք ում ուզում եք»։
Նա նաև հարցրեց, թե ինչպե՞ս է լինելու ապացուցողական բազան. «Իմ ամբողջ մտավախությունը գտնվում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության տիրույթում, նախագծի գաղափարին, պատասխանատվությանը, խստացմանը կողմ եմ, սա շեշտում եմ՝ թյուրընկալումներից հեռու մնալու համար»։
Հիմնական զեկուցողը պատասխանեց. «Մենք ավարտված հանցագործություն ենք դիտում ոչ թե հենց գումարը, նյութական արժեքը վերցնելը, այլև վերցնելու խոստումը կամ պահանջը։ Այս հասկացությունները մեր քրեական օրենսգրքում նորություն չեն, որ մենք մտածում ենք, թե տարընթերցումների տեղիք կտան»։
Հարակից հրապարակումներ`
- Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը. վարչապետ
- Ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացվում է
- Սեպտեմբերի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին