Ախալքալաքում կարտոֆիլի բերքահավաքը ժամանակից շուտ է սկսվել
Դեռ նոր է սկսվել աշունը, սակայն Ախալքալաքի շրջանի գյուղերում ոչ համընդհանուր, սակայն արդեն սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։ Թե ինչո՞ւ են այսքան շտապում, Jnews-ը փորձել է ճշտել հենց հավաքողներից։
Կաջո (պաշտոնական. Կոճիո) գյուղի բնակիչը հավաքում է կարտոֆիլը, քանի որ գումար է հարկավոր։
«Այս տարի ենք շուտ սկսել, քանի որ փող է պետք։ Պետք է տանենք Թբիլիսի վաճառելու, թե չէ դեռ հիմնական բերքահավաքը չենք սկսել», – ասել է Կաջո գյուղի բնակիչը։
Օրջա, Բարալեթ և մյուս գյուղերում նույնպես որոշ բնակիչներ բերքահավաքը ժամանակից շուտ են սկսել, պատճառը նույնն է՝ ֆինանսական խնդիրներ։
Հարցի վերաբերյալ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասել է, որ բերքահավաքը շուտ են սկսել նաև այն ֆերմերները, ովքեր շատ են ցանել։
«Հիմա ոչ բոլորն են սկսել բերքահավաքը, այն մարդիկ են շտապում, ովքեր շատ են ցանել և ովքեր ֆինանսի կարիք ունեն, իսկ մասսայական սեպտեմբերի 20-ին կսկսվի», – նշել է նա։
Ռամազ Գոգոլաձեի խոսքով, գլոբալ տաքացումն ազդեցություն է ունեցել նաև Ախալքալաքի վրա. եթե նախկինում կարտոֆիլը ցանում էին մայիս ամսի վերջերին, հիմա արդեն ապրիլի 15-ից է սկսվում։
Կարտոֆիլի աճի համար պահանջվում է 120-130 օր, սակայն շուտ հավաքված կարտոֆիլը նկուղներում պահել չի լինի, քանի որ նկուղի սառնությունն ու կարտոֆիլի տաքությունը մթերքը կփչացնեն։
Գոգոլաձեն նշել է, որ կարտոֆիլը դաշտից վաճառելն ավելի հարմար ու շահավետ է, գինը 60-70 թեթրի է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում