Արտավազդ Սահակյանի թիմի հերթական բացառիկ վիրահատությունը
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացառիկ վիրահատություն է կատարվել: Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ՝ անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգների, տրավմատոլոգների և միկրովիրաբույժների թիմը 7,5 ժամ տևած վիրահատությունից հետո վերականգնել է 31-ամյա Ժորա Խաչատրյանի թևը, որը քարի արտադրամասում աշխատելիս մնացել էր հաստոցի տակ:
Արտավազդ Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, ժամը 16:30-ի սահմաններում: Ժորային Թալինից անմիջապես տեղափոխել են Երևան: Ըստ նրա՝ այստեղ շատ գրագետ է աշխատել շտապ օգնության թիմը:
«Վիրահատությունը կատարվել է երկու խմբով ու արդյունքը հիանալի է: Ոչ մի տաղանդավոր վիրաբույժ չի կարող գնալ նման վիրահատության, եթե թիկունքում չունենա նման թիմ»,- նշեց վիրաբույժը:
Արտավազդ Սահակյանը պատմեց, որ երիտասարդին հիվանդանոց տեղափոխելուց հետո անմիջապես սկսվել են վերակենդանացման աշխատանքները, բժիշկների մի խումբն աշխատել է անդամահատված վերջույթի վրա, մյուսը՝ ուսագոտու, որպեսզի ժամանակի կորուստ չլինի. 2,5 ժամ հետո արդեն արյան շրջանառությունը վերականգնվել է:
«Վիրահատությունը հաջող է անցել, երիտասարդի վիճակը համապատասխանում է իր ստացած տրավմայի և տարած վիրահատության հետ, քանի որ ցանկացած անդամահատում բերում է սթրես, շոկային վիճակ, արյան մեծ կորուստ: Այստեղ պետք է ռիսկի գնալ, ճիշտ հաշվարկ անել, պետք է իմանալ արդյունքը լավ կլինի՞, թե ոչ: Կարծում եմ՝ այստեղ մենք ճիշտ վարվեցինք»,- նշեց միկրովիրաբույժը և հավելեց. «Երիտասարդը բավականին լավատես է, անգամ այդ ծանր պահերին իրեն տղամարդու պես էր պահում: Շատ կարևոր է, որ հիվանդը հավատա բժշկին և լավատես լինի»:
Արտավազդ Սահակյանն ասաց, որ եթե վերջույթի անդամահատումից հետո անցնում է 8 ժամ, դժվար է այն վերականգնվում, քանի որ մկանախմբերը ենթարկվում են ապաճման (ատրոֆիա), կարիք է լինում մի քանի անգամ ևս վիրահատություն կատարել, բայց այս տղան, ըստ նրա, դրա կարիքը չունի. «Մեր արագաշարժության և փոխադարձ կապի շնորհիվ ամբողջովին հաջողվեց վերականգնել վերջույթը: Կարծում եմ, որ որևէ միջամտության կարիք էլ չի լինի: Վերականգնվելուց հետո Ժորան կարող է ձեռքը նորմալ շարժել, իսկ վերականգնման շրջանը կտևի շուրջ 1,5 տարի»:
Վերակենդանացման բաժանմունքում մեզ թույլ տվեցին մի քանի րոպեով տեսնել Ժորային, զրուցել նրա հետ: Դեպքի մանրամասների մասին նա չցանկացավ խոսել, կարևորն, ըստ նրա, թևը վերականգնվել է:
«Երեկ թևս չկար, իսկ հիմա՝ կա»,- ժպտալով նշեց նա:
Ըստ նրա՝ իրեն խոսք են տվել, որ կկարողանա թևը շարժել, ինքն էլ հավատում է բժիշկին. «Եթե խոստանում են, ուրեմն պետք է վստահես ու հավատաս նրանց»:
Ժորան իր հետ կատարվածը հրաշք է համարում:
«Հիմա եմ հասկանում, թե ինձ հետ ինչ է կատարվել: Դեպքից հետո դեռ 24 ժամ չի անցել, բայց արդեն հավատում եմ, որ կկարողանամ ձեռքս աշխատեցնել, խոստացել են, չէ՞»,- ասաց նա ՝ հավելելով, որ թեև աջլիկ է, բայց կսովորի նաև ձախ ձեռքով գործողություններ անել մինչև աջ ձեռքն ամբողջությամբ վերականգնվի:
Երկու երեխաների հայր Ժորան դեռ երեխաներին չի տեսել, բայց վստահ է՝ գալու է այն օրը, որ երկու ձեռքով ամուր գրկելու է տղաներին: