ԲԷՑ-ից 140 միլիոն դրամ կվերադարձվի պետբյուջե. Դավիթ Սանասարյան
«Հպարտանում եմ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներով, մենք համալրվել ենք պրոֆեսիոնալներով, որոնք որ աշխատել են տարբեր պետական հիմնարկներում, շնորհակալություն եմ հայտնում նրանց»,- այսօր ՊՎԾ պետի պաշտոնում իր 100-օրյա գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ խոսքն այսպես սկսեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Այնուհետև թվարկեց, թե կառույցն այս ընթացքում որտեղ է վերահսկողություն իրականացրել՝ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում, Ոստիկանության ենթակայության տակ գտնվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ում։
Սանասարյանի խոսքով՝ այս պահին ուսումնասիրություններ են գնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ԵՊՀ-ում, ինչպես նաև Էջմիածին քաղաքում։
««Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում 40 մլն դրամով նվազեցրել են նախահաշիվային արժեքը, 140 մլն դրամ առաջիկայում պետբյուջե կվերադարձվի այս ընկերության կողմից։ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից արված խախտումների համաձայն, պետբյուջե է վերադարձվելու 210 մլն դրամ»։
Լրագրողները Սանասարյանից ավելի հստակ թվեր և անուններ էին պահանջում հնչեցնել, ճշտող հարցեր տալիս։
Սանասարյանն արձագանքեց. «Այնպիսի տպավորություն է՝ դժգոհ եք, որ պետբյուջե գումար է վերադարձվում։ Ես նախնական թվեր եմ ձեզ ասում, չեմ կարող անմեղության կանխավարկածը խախտել։ Իսկ հարցերը թողեք վերջում»։
Անդրադառնալով «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ին՝ նշեց. «ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 100 մլն վերադարձնել պետբյուջե։ Ունենք մի դեպք, երբ 75 մլն սփյուռքի նախարարության կողից հանձնարարվել է փոխանցել հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարելու համար, բայց դրանք նկարվել են ասենք «Հ1»-ի միջոցներով, իրավապահ մարմինները կպարզեն, թե այդ փողն ուր է գնացել»։
Ագրարային համալսարանում, ՊՎԾ պետի խոսքով, ամենաանմխիթար վիճակներից մեկն է. «Հիմա թվեր չեմ ասելու, բայց ասելու եմ՝ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով։ Ինչ վերաբերում է Էջմիածին համայնքին՝ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին, տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ և որոնց ծրարը չի բացվել»։
Քաղաքացիների ընդունելության հետ կապված Սանասարյանն ասաց. «Չկա պետական կառույց, որտեղ քաղաքացիներին ընդունում են, ճանապարհում են այնպես, ինչպես Պետական վերահսկողության ծառայությունում է»։
Լրագրողները կրկին անուններ խնդրեցին հնչեցնել, ինչին ի պատասխան նա ասաց. «Քանի որ կոնկրետ քննչական գործեր են իրականացվում, սխալ է այստեղ որևիցե անուն հնչեցնել»։
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությունում ստուգումներ իրականացնելուն, Սանասարյանը տեղեկացրեց, որ նախնական ուսումնասիրություն սկսել են դեռևս ՊՆ չայցելած, ինֆորմացիայի հավաքագրում է եղել։
«Այդ ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ մի քանի իրավապահ մարմիններ քրեական գործեր են հարուցել, և մեր այնտեղ լինելն ուղղակի անահամատեղելի է, երբ արդեն կա նախաքննություն, հետաքննություն և այլն։ Վարչապետի հետ քննարկել ենք հարցը և որոշել, որ ստուգումները մի քանի ամսով կհետաձգվեն»։